AM
10 Հուլիս 2025 - 11:59 AMT

Հակոբյանի «Սարերում» որմնանկարը փոխանցվել է Գյումրի համայնքին

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կտրամադրվի Գյումրի համայնքին՝ հանրապետական նշանակության հուշարձանի առավել արդյունավետ պահպանման նպատակով: Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։

Կառավարության որոշմամբ Գյումրու համայնքապետարանի շենքում գտնվող որմնանկարը հետ է վերցվում «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է Գյումրի համայնքին:

2022 թվականին ՀՀ վարչապետին է դիմել Շիրակի մարզպետը՝ տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ի շենքում տեղադրված և հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունեցող «Սարերում» որմնանկարը գտնվում է անմխիթար վիճակում, ողջ մակերեսին առկա են խոշոր ճաքեր, մաշվածքներ, քերծվածքներ, աջակողմյան ստորին հատվածն ունի խոնավության հետքեր, թատրոնի շենքում բացակայում են որմնանկարի պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, ջերմաստիճանը չի համապատասխանում որմնանկարի պահպանման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչներին, որմնանկարի ճաքերը վերջին տարիներին ավելացել են և առաջարկել է որմնանկարը տեղափոխել պահպանման համար առավել նպաստավոր և հարմարավետ վայր:

Վերոգրյալով պայմանավորված՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացվել է հանձնարարական որմնանկարի տեղափոխման հարցը քննարկելու վերաբերյալ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրի համայնքի միջև քննարկումների արդյունքում ի վերջո որոշվել է որմնանկարը տեղափոխել Գյումրու համայնքապետարանի շենք (հասցեն՝ քաղաք Գյումրի, Վարդանանց հրապարակ 1):

Որմնանկարի տեղափոխման աշխատանքներն իրականացվել են 2024 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝ որմնանկարը տեղափոխվել է Գյումրու համայնքապետարանի շենքի 3-րդ հարկ և տեղում վերականգնվել ու ամրակայվել: