AM
11 Հուլիս 2025 - 06:14 AMT

ՀՀ ԱԳՆ․ Աբու Դաբիի հանդիպումը կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ

ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ»։

«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ:Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն այդ մասին կտեղեկացվեր:

Ինչ վերաբերվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա խնդրում ենք հիմք ընդունել և հրապարակել ԱԳՆ խոսնակի այսօրվա պաշտոնական հրապարակումը, որում հերթական անգամ վերահաստատվել է ՀՀ դիրքորոշումը: Դրանից տարբերվող պայմանավորվածություն չկա և չի կարող լինել: Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական մամուլում կիրառվող՝ ոչ վերաբերելի եզրույթների մեջբերումից:

Արձանագրում ենք նաև, որ Խաղաղության օրակարգի իրացման վերաբերյալ ՀՀ Կառավարության ունեցած պատկերացումներին Հայաստանի հանրությունը ծանոթ է, և Աբու Դաբիում արտահայտված բոլոր դիրքորոշումները տեղավորվում են այդ ռազմավարությունների մեջ, ներառյալ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեման, որի մասին Հայաստանի Հանրապետության պատկերացումներն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։

Նաև հարկ ենք համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված, և հաստատում ենք, որ այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ»,–ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիումև քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։