Տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել է, որ անկախ ՀՅԴ–ի հետ ունեցած տարաձայնություններից, իր լիակատար աջակցությունն ու զորակցությունն է հայտնում կուսակցությանը, քանի որ իրենց «միավորող ցավն ավելին է, քան բաժանող ամբիցիաներն ու մուննաթը»։
Նա նշել է, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն բացառիկ ինստիտուցիոնալ ազգային ուժեր են։
«Անկախ Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ իմ ունեցած բնական և անբնական, հիմնավոր և անհիմն, հատվածական և ընթացիկ տարաձայնություններից, իմ լիակատար աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում պայքարի և կյանքի, կալանքի և ազատության, որպես կանոն՝ նեղ օրերին զինակից, լայն օրերին՝ իմ ընդդիմախոս ընկերներին և գործընկերներին։
Երազում եմ այն օրվա մասին, որ կրկին շռայլություն ունենանք վիճելու պահպանողականության և սոցիալիզմի մասին՝ մշտապես հավատարիմ մնալով ազգային նկարագրին։
Իսկ նկարը գուցե նորից ոմանց մոտ տարակուսանք առաջացնի։
Այն կրկին տեղադրում եմ ոչ միայն հիմա էլ ՀՅԴ-ի հանդեպ անթաքույց բռնաճնշումների առիթով։ Ոչ միայն այն հիշողությամբ, որ հեռավոր անցյալում լուսահոգի Եփրեմ պապս բակի թթենիները էտելիս դաշնակցական երգեր էր երգում:
Ոչ միայն այն պատճառով, որ Հանրապետականից հետո ամենաշատ ընկերներ Դաշնակցությունում ունեմ։
Ոչ միայն այն հիշողությամբ, որ սույն գլխարկը ինձ նվիրել է ՀՀԿ գրասենյակ արտերկրից ժամանած մի դաշնակցական կարգին տղա։
Ոչ միայն հայտնի ճշմարտությամբ, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն բացառիկ ինստիտուցիոնալ ազգային ուժեր են։
Ոչ միայն այն վստահությամբ, որ կուսակցությունս ու ես այդ աստիճան լայնախոհ և կայացած ենք, որ վաղուց նեղ կուսակցական քարոզից անդին ենք։
Տեղադրում եմ, որովհետեւ ձեռքը ձեռք է լվանում, իսկ երկու ձեռքը՝ երես։
Որովհետեւ մեզ միավորող ցավը ավելին է, քան մեզ բաժանող տարիները, ամբիցիաները և մուննաթը։
Որովհետև մեր ժողովրդի շահը մեկն է, և մենք միասին անելիք ունենք, պարտք ունենք, առաքելություն ունենք, Հայրենիք ունենք։
Պահանջատերի արմատներով՝ հայրենատեր ձեր բախտակից»,–գրել է Աշոտյանը։
Հուլիսի 10–ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվել է և տարվել ՀՀ քննչական կոմիտե։






