ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, անդրադառնալով հուլիսի 10–ի վաղ առավոտից ՀՅԴ անդամների բնակարաններում իրականացված խուզարկություններին ու ձերբակալություններին, հայտարարել է, որ «վարչախումբն իրականացնում է քաղաքական հետապնդում կուսակցության դեմ»։
«Իրականացվող գործողություններում ներգրավված փաստաբանները տեղեկացրել են, որ որևէ ձերբակալվածի տանը չի հայտնաբերվել և չի առգրավվել որևէ ապօրինի իր։ Հակառակ այս իրողությանը, Քննչական կոմիտեն առգրավված իրերը, անգամ Սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաները և ՀՅԴ տարբերանշանով շապիկը ներկայացրել է որպես ահաբեկչության նախապատրաստման իրեղեն ապացույցներ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2016 և 2020 պատերազմների, ինչպես նաև 2022 թ. Ջերմուկում ծավալված մարտական գործողությունների մասնակցի տանը, ում շահերի պաշտպանությանը փաստաբան ներգրավված չի եղել և հնարավոր չի եղել ապահովել քննչական գործողությունների օրինական ընթացքը, հայտնաբերվել է մեկ նռնակ, որով, ակնհայտ է որ, անհնար է իրականացնել ձերբակալված անձանց վերագրվող ահաբեկչական գործողությունները։
Այսպիսով, կրկին վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ, ինչի մասին վկայում են ոչ միայն այս օրերի գործողությունները, այլև այդ գործողություններին նախորդած տեղեկատվական գրոհներն ու այսօրվա ապօրինի ձերբակալություններին հաջորդած քաղաքական՝ մասնավորապես Հայաստանում ՀՅԴ գործունեությունը կասեցնելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները»,-ասվում է հայտարարության մեջ։
Հուլիսի 10–ին իրավապահ մարմիններն առավոտյան խուզարկություններ են իրականացրել մի քանի ՀՅԴ-ականների տներում, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում։ Այդ խուզարկության արդյունքում առգրավվել է պատգամավորի բջջային հեռախոսը, իսկ նրա որդին՝ Տարոն Մանուկյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 7 անձ է ձերբակալվել և տարվել ՀՀ քննչական կոմիտե։






