AM
11 Հուլիս 2025 - 07:31 AMT

Չախոյան․ Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է, որ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են»։

«Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո»,–նշել է նա։

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ «սկզբունքների պահպանման դեպքում ՀՀ–ն դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»։

Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի խոսքը մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից աղճատվել է։

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ։ Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը»,–ասվում է հայտարարության մեջ։