Հուլիսի 11–ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված է քահանայաց ժողով։ Այդ մասին հայտնել է տեր Եսայի քահանա Արթենյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Քահանայաց ժողովը պետք է կայանար հունիսի 27–ին, սակայն իրավապահները Միքայել սրբազանին ձերբակալելու համար ներխուժեցին վեհարանի բակ, և ժողովը տապալվեց։ Քահանայաց ժողովն ավելի քան 20 տարի համակարգել է Միքայել սրբազանը, որն այժմ կալանքի տակ է։
Տեր Եսային նշել է, որ Միքայել սրբազանի փոխարեն այժմ ժողովը կղեկավարի Սուրբ Էջմիածնի վանական խորհրդի ատենապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը իրավապահները կալանավորել են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին՝ «հեղաշրջման գործով»։ Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները ներխուժել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ մտնելով վեհարանի բակ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու նպատակով։ Աջապահյանն ինքն է ներկայացել Քննչական կոմիտե, իսկ հունիսի 28-ին նրա նկատմամբ կիրառվել է կալանք։
Վարչապետ Փաշինյանը հուլիսի 8-ին նշել է, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «ազատագրումը», նշելով. «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա ընդգծել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեությունից զերծ մնալ։






