AM
11 Հուլիս 2025 - 13:11 AMT

Վարդանյան․ ՀՅԴ-ն փակելու մասին ՔՊ-ականների խոսքերը ցույց են տալիս, որ այս ձերբակալությունները քաղաքական են

Երևանի քննչական վարչության դիմաց կայացած բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՅԴ-ն փակելու մասին ՔՊ-ականների խոսքերը ցույց են տալիս, որ այս ձերբակալությունները քաղաքական են։

«Իշխանությունները ՀՅԴ-ականներին ձերբակալություններով պետք է ֆոն ապահովեն և կառույցին մեղադրեն ահաբեկչության մեջ, հնչեցնելու այն հայտարարությունը, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հնչեցրեց՝ պետք է փակել Դաշնակցությունը»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ըստ նրա, իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից նման հայտարարությունն արվել են այս գործողունություններին զուգահեռ՝ ցույց տալու, թե ինչու են արվում այս գործողությունները։

«Սա Դաշնակցության դեմ արշավ է, ինչպես եկեղեցու դեմ է արշավ իրականացվում։ Իսկ թե ինչու են սա իրականացվում, ինչ են անելու առաջիկայում, որ նման արշավների կարիք ունեն։

ՀՅԴ-ն փակելու մասին հայտարարություններն արվում են զուգահեռ այն գործողություններին, որոնք իրականացվում են, դրանով իսկ ցույց են տալիս, որ այս գործողություններն իրավական գործընթացների հետ կապ չունեն, ունեն քաղաքական նպատակ, քաղաքական դրդապատաճ, քաղաքական նպատակադրումներ»,–ասել է նա։

Վարդանյանը նաև վստահեցրել է, որ Դաշնակցությունը երբեք ահաբեկչություն չի կազմակերպել և չի ծրագրել։

«Չեք կարող գտնել մի դեպք, որ Դաշակցությունն իր զենքը, բռունցքն ուղղել է ազգի ներսում, հայի դեմ, միշտ ուղղված է եղել հայ ազգի թշնամիներին»,–հավելել է նա։

Հուլիսի 10–ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվել է և տարվել ՀՀ քննչական կոմիտե։