Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանի ընթացքում հավանություն են ստացվել Հայաստանի ներկայացրած երկու հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ընդգրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում։
Այս հայտերը մշակվել և կազմավորվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ ու պատվերով՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների մասնակցությամբ՝ ոլորտի գիտական շրջանակների ներգրավմամբ։
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ դեսպան Արամ Հակոբյանը։ Նստաշրջանին մասնակցում է նաև ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, ով հանդիսանում է 1972 թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի ազգային համակարգողը։
«Երևանի ուրարտական ժառանգությունը» և Կոտայքի մարզում գտնվող «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»» դառնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում Հայաստանի կողմից ներկայացված 6-րդ և 7-րդ հայտերը։ Նրանցից առաջին չորսը գրանցվել են 1995 թվականին, ներառելով Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարն ու հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, ինչպես նաև Տաթևի վանական համալիրը, Տաթևի անապատը և հարակից Որոտան գետի տարածքները։ Հինգերորդ հայտը գրանցվել է 2024 թվականին՝ Տիրինկատարի վիշապաքարերի և մշակութային լանդշաֆտի վերաբերյալ։
Հայաստանից ներկայումս ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում ընդգրկված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը և եկեղեցիները, Զվարթնոցի հնավայրը, Գեղարդի վանքային համալիրը և Ազատ գետի վերին հովիտը։
Նախնական ցուցակում հուշարձան գրանցելը պարտադիր փուլ է՝ այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու համար։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են՝ ի նպաստ հայկական մշակութային ժառանգության ճանաչման։






