ՀՀ ԱԳ նախարարությունը «Ժողովուրդ» օրաթերթից պահանջել է հերքում տարածել «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հուլիսի 5-ին հրապարակված նյութում տեղ գտած այն պնդումների վերաբերյալ, թե իբր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի «առանձնատունը գնվել է հայտարարագրում չբացահայտված աղբյուրներից գոյացած գումարով», «թե որտեղից համեստ աշխատավարձ ստացող նախարարին այդ եկամուտը, հարցական է», «112 մլն դրամ գումարի մի մասն անհայտ ծագման է»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Ուշադրություն հրավիրենք այն հանգամանքին, որ հենց վերոնշյալ նյութում նշվում է, որ «Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը 112 մլն դրամով գնել են 2022-ի դեկտեմբերին Նաիրի համայնքում»։ Համապատասխանաբար, գնված առանձնատան գումարի աղբյուրը «բացահայտելու» համար բավարար կլիներ ծանոթանալ նախարար Միրզոյանի կնոջ՝ զուգահեռաբար հրապարակված տարեկան հայտարարագրին, որում ներկայացված է առանձնատան գնման նպատակով Գ. Աբաջյանի անունով ձևակերպված վարկը։
Նման հրապարակումն, իհարկե, կարող է լինել գրագիտության պակասի ցուցիչ կամ միտումնավոր ապատեղեկատվություն. երկու գործելաոճն էլ անհամատեղելի է լրագրողի կամ լրատվամիջոցի բարձր առաքելության հետ։ Օգտվելով այս առիթից՝ ԶԼՄ գործընկերներին մեր կողմից հորդորում ենք պաշտոնյայի եկամուտների մասին հանրությանը լուսաբանելու պարտքը կատարելուց հետո առաջ ցուցաբերել նվազագույն աչալրջություն և զերծ մնալ նմանօրինակ պարզունակ մանիպուլյացիաներից»,–ասվում է հաղորդագրության մեջ։






