Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները՝ պայմանավորված տարածաշրջանային ու միջազգային զարգացումներով, ըստ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի, խորը մտահոգություն են առաջացրել։ Այդ մասին նա հայտարարել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած քահանայից տարեկան ժողովի ժամանակ։
«Մենք խորապես մտահոգված ենք, որ փոխանակ համայն հայությանը համախմբելու, հասարակության մեջ անջրպետները վերացնելու՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավ իրականացնել եկեղեցու նկատմամբ: Որքան էլ փորձ կատարվի եկեղեցու դեմ քայլերը ներկայացնելու որպես առանձին եկեղեցականների հանդեպ ուղղված գործողություններ, այսուհանդերձ, ակնհայտ է, որ դրանք կրում են համակարգային բնույթ, և թիրախավորված է բուն եկեղեցին», – ասել է Վեհափառ հայրապետը, հայտնում է Sputnik Armenia-ն։
Նրա խոսքով՝ հոգևոր կառույցի դեմ տարվող այս արշավն արդեն սպառնում է պետության ինքնիշխանությանը, ազգային համերաշխությանը, և խաթարում է թե երկրի, թե Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը։
Նա ընդգծել է, որ Հայոց եկեղեցին իր հոգևոր ներկայացուցիչներով չի կարող լռել, «երբ վտանգված է ազգային ինքնությունն ու հայրենիքի պաշտպանությունը, երբ պատմական ճշմարտությունները խեղաթյուրվում են, և պետության ու ժողովրդի շահերը արհամարհվում»։ Կաթողիկոսը հատուկ ընդգծել է նաև Արցախի բնակչության ոտնահարված իրավունքների ու Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների խախտումների մասին բարձրաձայնելու պարտականությունը։
Վեհափառ հայրապետը քաջալերել է հոգևորականներին՝ շարունակել իրենց առաքելությունը հաստատակամությամբ և հավատի մեջ ուժեղացնել հավատացյալների հոգևոր ծառայությունն ու աղոթքը։
«Միշտ պահպանեք հոգևորականի բարձր կոչմանը հարիր կեցվածքը՝ առանց ներքաշվելու կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ՝ թույլ չտալով եկեղեցու հասցեին վիրավորանք և չարախոսություն։ Մի՛ վարանեք սադրիչ հարձակումներին պատասխանել ճշմարտությամբ, արիությամբ ու սիրով»,– ասել է նա։
Քահանայից տարեկան ժողովին ներկա էր 215 հոգևորական։ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշանակվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին փոխարինող՝ քահանայից հավաքների կազմակերպչական հանձնախմբի ղեկավար։
Ժողովի արդյունքում կազմված հայտարարության մեջ արձանագրվել է, որ եկեղեցու նկատմամբ Հայաստանի իշխանությունների անհարգալից վերաբերմունքը, շարունակվող սպառնալիքներն ու հոգևորականների պառակտման փորձերը վիրավորել են ամբողջ աշխարհում սփռված հավատացյալների արժանապատվությունը։
«Դրանք ուղղակիորեն ոտնահարում են ՀՀ Սահմանադրության, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի և միջազգային բազում պահանջները»,– ասված է հայտարարությունում։
Հոգևորականները նաև դատապարտել են բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը՝ ով հանդես է եկել եկեղեցու պաշտպանության օգտին, ինչպես նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա կողմնակիցների վերաբերյալ անմեղության կանխավարկածի դիտավորյալ անտեսումը՝ նշելով, որ դրանք անընդունելի են։
Նրանք հստակեցրել են, որ հաստատակամ են պաշտպանելու սուրբ եկեղեցու իրավունքները և արդարություն պահանջելու թե կալանավորված հոգևորականների, թե ազգային գործիչների համար՝ պահանջելով նրանց ազատ արձակում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստում քննադատել է եկեղեցու վիճակը՝ այն որակելով որպես «չուլանացված»։ Հունիսի 2-ին նա նշել է, որ եթե ապացուցվի Գարեգին Բ-ի կողմից կուսակրոնության ուխտի խախտումը և երեխայի առկայությունը, ապա նա չի կարող շարունակել կաթողիկոսի պաշտոնավարել։ Նա գրեթե ամեն օր սոցցանցերում կոչեր է արել նրա կաթողիկոսի հրաժարականի պահանջով։
Հուլիսի 8-ին Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «ազատագրման» գործընթացը՝ պնդելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա նշել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների մուտքից զերծ մնալ։






