AM
12 Հուլիս 2025 - 07:42 AMT

ՄԱԿ. Հայաստանում մշտական բնակչությունը 2025-ին աճել է մոտ 84,000–ով

2025-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմել է մոտ 3 միլիոն 75 հազար՝ ավելանալով մոտ 84,000–ով 2024-ի համեմատ (ՀՀ վիճակագրական կոմիտե)։ Քաղաքաբնակների թիվը Հայաստանում 1.8 անգամ գերազանցում է գյուղաբնակներին։ Բնակչության համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը ներկայացրել է համաշխարհային և հայաստանյան բնակչական գործընթացներին նվիրված ամփոփ տեղեկագիր։

ՄԱԲՀ-ի «Աշխարհի բնակչությունը» 2025 թ․ զեկույցը փաստում է, որ շատ մարդիկ՝ հատկապես երիտասարդ, այսօր չունեն այնքան երեխաներ, որքան կցանկանային։ Աշխարհի 14 երկրում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ հիմնական խոչընդոտները սոցիալական, տնտեսական և առողջական բնույթի են։

Տեղեկագրում ընդգծվում է․ «Այդ առումով շատ կարևոր է, որ առաջնահերթություն տրվի երիտասարդների կարիքներին և ձայներին, ապահովվի նրանց իրավունքների պաշտպանությունը, ինչն առանցքային է կայունության, խաղաղության և մարդկային արժանապատվության ապահովման համար: Քանի որ երիտասարդները կարիք ունեն ոչ միայն ծառայությունների, այլև հույսի, կայունության և արժանի ապագայի»։

Զեկույցը ներկայացնում է նաև բնակչության աճի համաշխարհային պատկերը՝ ընդգծելով, որ մեկ միլիարդ հասնելու համար մարդկությանը պահանջվել են հարյուր հազարավոր տարիներ, մինչդեռ ընդամենը երկու դարում այդ թիվն ավելացել է յոթ անգամ։ Կանխատեսվում է, որ մինչև 2030 թ․ բնակչությունը կկազմի 8.5 միլիարդ, 2050-ին՝ 9.7 միլիարդ, իսկ 2100-ին՝ կհասնի 10.9 միլիարդի՝ ապա սկսելով նվազել։

Համաձայն զեկույցի՝ 1970-ականների սկզբին կանայք միջինում ունեցել են 4.5 երեխա, իսկ արդեն 2015-ին ծնելիության ցուցանիշն ընկել է մինչև մեկ կնոջ հաշվով 2.5-ից պակաս։ Միևնույն ժամանակ, կյանքի տևողությունն աճել է՝ 1990-ականներին կազմելով 64.6 տարի, իսկ 2019-ին՝ 72.6։

Այս ամենի հետևանքով, առաջիկայում կանխատեսվում են կառուցվածքային փոփոխություններ բնակչության կազմում՝ տարեցների բաժինը կավելանա, իսկ երիտասարդների ու աշխատուժի՝ կնվազի։

Զեկույցը մատնանշում է նաև գլոբալ ուրբանացման արագ ընթացքը և միգրացիայի ինտենսիվությունը։ 2007 թվականը եղել է առաջին տարին, երբ քաղաքային բնակչությունը գերազանցել է գյուղական բնակչությանը։ Մինչև 2050 թ․ աշխարհի բնակչության շուրջ 66%-ը կապրի քաղաքներում։

ՄԱԲՀ-ի կանխատեսումների համաձայն՝ եթե այլ պայմանները մնան անփոփոխ, ապա մինչև 2050 թ․ Հայաստանի բնակչությունը կնվազի՝ կազմելով մոտ 2 միլիոն 373 հազար։ Միաժամանակ, ակնկալվում է բնակչության կառուցվածքի զգալի փոփոխություն՝ տարեցների մասնաբաժնի աճով։

2018-2023 թթ․ ընթացքում Հայաստանում որոշ չափով ավելացել է մեկ կնոջ հաշվով ծնված երեխաների միջին թիվը՝ ծնելիության գործակիցը հասել է 1.9-ի։ Սակայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ավելի քան 60% տնային տնտեսություններում երեխա չկա։ Մոտ 16%-ն ունի երկու երեխա, 15%-ը՝ մեկ երեխա, իսկ երեք և ավելի երեխա ունի ընդամենը շուրջ 7%։ Մինչդեռ ՄԱԲՀ-ի գնահատմամբ՝ Հայաստանում զույգերը հիմնականում ցանկանում են ունենալ երեք երեխա։

Զեկույցում նշվում է․ «Հետևաբար, անհրաժեշտ է վերացնել տնտեսական (դրամական միջոցներ, բնակարան, աշխատանք), սոցիալական, առողջապահական, ինստիտուցիոնալ և այլ խոչընդոտները, որոնք խանգարում են հատկապես երիտասարդներին ունենալու այնքան երեխա, որքան ուզում են»։

Բնակչության համաշխարհային օրը նպատակ ունի ընդգծելու բնակչության խնդիրների հրատապությունն ու կարևորությունը։ Այն սկսվել է նշվել 1990 թ․-ին՝ Միավորված ազգերի կազմակերպության 45/216 բանաձևի համաձայն, որպես արձագանք 1987 թ․ հուլիսի 11-ին գրանցված «Հինգ միլիարդի օրվան», որը խորհրդանշել է համաշխարհային բնակչության հասնելը այդ շեմին։ Այսօր այն նշվում է ավելի քան 90 երկրում։