Գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը, ով երկու ամիսով կալանավորված է, հայտարարել է նոր քաղաքական թիմի ձևավորման գործընթաց սկսելու մասինի։
Կարապետյանը շեշտել է, որ իրենց նոր ձևավորվող թիմը կունենա սեփական մոտեցումը՝ չբացառելով համագործակցությունը համախոհների հետ ու մերժելով հասարակական պառակտումը խթանող քաղաքականությունը։ Նա ընդգծել է նաև, որ իշխանության տարբեր ոլորտներում գործում են մասնագետներ, ովքեր չնայած չեն կիսում իշխանության արժեքները, սակայն դեռևս չեն գտել իրավիճակից դուրս գալու ուղին։
Նա ուղերձ է հղել կալանավայրից, որում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
մեր առաջին իսկ հանրահավաքը հաստատեց իշխանության գլխավոր վախը. մեր ժողովուրդը վստահ է, որ ուժեղ է, ու բռնաճնշումներից չի կոտրվում։ Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել հուլիսի 4-ին ու առ այսօր քաղաքացիական արիություն ցուցաբերած տասնյակ հազարավոր իմ հայրենակիցներին։
Անկեղծորեն շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում ինձ։ Այս օրերին շատ քննարկվեց իմ ուղերձը, բայց ցավոք, իրականությունից կտրված տարբեր մեկնաբանություններ էլ արվել են։ Կարծում եմ, որ ես շատ պարզ եմ արտահայտվել՝ ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։
Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ։ Մերժելու ենք սև-սպիտակի և արհեստական մյուս բաժանումները, որպիսիք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը։
Նույնիսկ այսօրվա վարչակարգի տարբեր օղակներում աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, որոնք չեն կիսում փոքրիկ խմբակի արժեքները, սակայն դեռ չեն տեսնում այն ճանապարհը, որը ելք կհամարեին ստեղծված իրավիճակից։
Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։
Անելո՛ւ ենք՝ մեր ձևով»։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ նա հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․ «Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։
Դրանից որոշ ժամանակ անց նաև ՀԷՑ–ը պետականացնելու գործընթաց է սկսվել, որին ԱԺ-ն արդեն հավանություն է տվել։






