Հուլիսի 13-ին նախորդ օրերին «ապօրինի կալանավորված» մի քանի քաղաքացի ազատ է արձակվել, հայտնում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը՝ հավելելով, որ նրանցից որևէ մեկի նկատմամբ մինչ այս պահը որևէ մեղադրանք չի առաջադրվել՝ «իրավական հիմքերի բացակայության պատճառով»։
«Ավելի վաղ երկու ամսով կալանավորվել է տասնութամյա Անդրանիկ Չամիչյանը, ում մոտ հայտնաբերվել էին բացառապես օրինական և սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաներ։
Ձերբակալվածներից մեկ այլ քաղաքացու նկատմամբ, որի բնակարանում ավելի ուշ հայտնաբերվել էր մեկ նռնակ, նույնպես կիրառվել է երկամսյա կալանք։ Ուշագրավ է, որ այս դեպքում մեղադրող կողմը հրաժարվել է ահաբեկչության կազմակերպման մեղադրանքից, և քաղաքացին կալանավորվել է միայն ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով։ Այսպիսով, կրկին փաստում ենք, որ, ինչպես արձանագրել էինք մեր նախորդ հայտարարություններում, ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն։ Կրելով բացահայտ քաղաքական ենթատեքստ ու նպատակադրում՝ դրանք նպատակ էին հետապնդում մոլորեցնել և ահաբեկել հանրությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Քրգործերի բոլոր մանրամասները հանրությանը ներկայացնելու նպատակով գործով ներգրավված փաստաբանները մամուլի ասուլիս կտան։
Քննչական կոմիտեից փոխանցել են, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալված հինգ քաղաքացին ազատ են արձակվել, քանի որ անցել է կալանքի առավելագույն ժամկետը։ Նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է, հայտնում է Factor.am-ը։
Հուլիսի 10–ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ-ականների տներում, որոնցից հետո 7 անձ ձերբակալվել է և տարվել ՀՀ քննչական կոմիտե։






