Ֆրանսիայում աշխատանքային անցով գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության, տնտեսական զարգացման, դիմակայության ամրապնդման հարցերում անսասան աջակցության համար` նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում եղբայրական Ֆրանսիայի քայլերը:
Ժերար Լարշեն իր հերթին վերահաստատել է Հայաստանին Ֆրանսիայի շարունակական աջակցության պատրաստակամությունը, հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Առանձին անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային իրավիճակին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությանը վերաբերող հարցերին։






