AM
14 Հուլիս 2025 - 07:45 AMT

Սարյան փողոցը կդառնա միակողմանի

Սարյան փողոցում նախատեսվում է սահմանել միակողմանի երթևեկություն։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործավարական նիստի ընթացքում հայտնել է Տրանսպորտի վարչության ղեկավար Վազգեն Հարությունյանը:

Ըստ ներկայացված նախագծի՝ երթևեկությունը կմեկնարկի Մաշտոցի պողոտայից ու կշարունակվի դեպի Բաղրամյան պողոտա՝ ներառելով ինչպես Սարյան փողոցը, այնպես էլ Մոսկովյան փողոցի որոշ հատված, հայտնում է «Այսօրը»:

Հարությունյանն ընդգծել է. «Ամիրյան, Արամի, Պուշկին և Թումանյան փողոցներից դեպի Սարյան հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ դեպի Բաղրամյան պողոտայի ուղղությամբ, իսկ Լեո և Ֆրիկի փողոցներից՝ միայն ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ»։

Նա նշել է, որ Սարյան և Մոսկովյան փողոցներում կավելացվի մեկական երթևեկելի գոտի։

Ըստ նրա՝ ներկայումս յուրաքանչյուր ուղղությամբ երկու երթևեկելի գոտի կա, սակայն, քանի որ մայթեզրերին թույլատրված են կայանումները զուգահեռ տարբերակով, փաստացի գործում է միայն մեկ երթևեկելի գոտի։

«Բոլորս գիտենք, թե ինչ նշանակություն ունի Սարյան փողոցը և ինչպիսի հոսքեր են այնտեղ։ Երկրորդ երթևեկելի գոտին հաճախ օգտագործվում է տրանսպորտային միջոցների կանգառի, կայանման կամ ուղևոր իջեցնելու համար, ինչի արդյունքում տվյալ ուղղությամբ երթևեկությունը ամբողջությամբ կաթվածահար է լինում։ Այս փոփոխության շնորհիվ կունենանք ևս մեկ գործող երթևեկելի գոտի, որը կապահովի ընդհանուր տրանսպորտային հոսքերի անընդհատությունը»,- նշել է նա։