Եվրամիությունը հայտարարել է, որ նպատակ ունի խորացնելու և ընդլայնելու գործընկերային կապերը Հայաստանի հետ՝ ընդգծելով Երևանի հետ հարաբերությունների զարգացումը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան այդ մասին հայտարարել է Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները: Հուսով եմ, որ այս հանդիպումը կարող է առաջ մղել մեր աշխատանքը»,-նշել է Կոշտան, մեջբերում է «Արմենպրես»-ը։
Նա ուշադրություն է հրավիրել նաև Կայա Կալասի՝ հունիսի 29-30-ը Հայաստան կատարած այցի վրա՝ շեշտելով, որ այդ այցը հստակ վկայում է ԵՄ-Հայաստան համագործակցության առաջընթացի մասին։
«Այս հանդիպումը մեզ հնարավորություն կտա խոսել նաև խաղաղության և այլ զարգացումների մասին»,-ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ հանդիպելու Եվրոպական միության բարձրագույն ղեկավարությանը։






