AM
14 Հուլիս 2025 - 12:21 AMT

ՔԿ. Հանցավոր ճանապարհով ստացված 100 մլն դրամը է վերադարձվել պետբյուջե

Երևանի բիզնես կենտրոններից մեկում գործող գրասենյակային տարածքում մի խումբ անձինք կազմակերպել են օտարերկրյա քաղաքացիներին զանգահարելու գործընթաց՝ նրանց շահութաբեր ներդրումների խոստումներով ներգրավելով իրենց կողմից վերահսկվող կեղծ ներդրումային հարթակներում։ Համապատասխան փաստերը ձեռք են բերվել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության՝ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործերով զբաղվող ստորաբաժանումը քրեական վարույթի նախաքննության ընթացքում:

Նշվում է, թե նրանք կիրառել են տարբեր համակարգչային ծրագրեր ու ցանցեր՝ հեռակա կերպով հասանելիություն ստանալով հիմնականում եվրոպական երկրների բնակիչների բանկային հաշիվներին, հաշվեհամարներին ու խնայողություններին՝ ապօրինի փոփոխություններ կատարելով դրանցում։

Ըստ քննության՝ հանցավոր խումբը բանկային քարտերը կցել է իրենց ղեկավարած վիրտուալ հարթակներին, կատարել է տարաբնույթ արժույթների և կրիպտոհաշիվների փոխարկումներ ու փոխանցումներ՝ յուրացնելով առանձնապես խոշոր չափերի ֆինանսական միջոցներ։

Հափշտակված միջոցներն այնուհետև փոխանցվել են բազմաթիվ կրիպտոդրամապանակների, որոնք օգտագործվել են ՀՀ-ում գործող կրիպտոարժույթների փոխանակման կետերում՝ գումարն ի վերջո կանխիկացնելու նպատակով։ Կանխիկացված գումարը բաշխվել է հանցավոր խմբի անդամների միջև՝ որպես արտարժույթ, օգտագործվել տարածքների վարձակալման համար, ինչպես նաև այլ նպատակներով։

Նախաքննության շրջանակում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասի (հանցավոր կազմակերպություն ստեղծել կամ ղեկավարել) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերի (հանցավոր կազմակերպության կողմից համակարգչային հափշտակության՝ առանձնապես խոշոր չափերով կատարում)։

Հանցավոր գործունեության արդյունքում ստացված 100 մլն դրամը փոխանցվել է ՀՀ պետական բյուջե։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։