AM
14 Հուլիս 2025 - 12:57 AMT

Չախոյան. Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Խաղաղության պայմանագիրը՝ բացահայտումներ են սպասվում

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հինգ ժամ տևած հանդիպման ընթացքում, անդրադարձ են կատարել խաղաղության պայմանագրին առնչվող բոլոր հարցերին։

«Կարող էին և 25 ժամ քննարկել, ի՞նչ խնդիր կա։ Քննարկվել են նաև խաղաղության պայմանագրի ստորագրման տեղի և ժամանակի հետ կապված հարցեր։ Առաջիկայում կլինեն նաև հայտարարություններ, փոքր ինչ կբացվեն փակագծեր, թե ինչ է քննարկվել և ինչ-ինչ հարցերի շուրջ կան կոնսենսուսներ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ դերևս հստակ պայմանավորվածությունների մասին ոչինչ չի կարող հայտնել, փոխանցում է «Փաստինֆո»-ն։

Հարցին՝ արդյոք ճանապարհների վերահսկողության գործառույթը փոխանցելու վերաբերյալ բանակցություններ որևէ կազմակերպության կամ ընկերության հետ ընթանում են, Չախոյանը պատասխանել է. «որքան տեղյակ եմ՝ ոչ»։

Հուլիսի 10-ին Փաշինյանը և Ալիևն Աբու Դաբիում քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։ Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է մոտ 5 ժամ։