Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում ընդգծել է Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը և նշել, որ Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը համարվում է ռազմավարական ներդրում՝ միտված ՀՀ ապագան ամրապնդելուն։
Նա այս հայտարարությունն արել է՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և ինքը։
«Հաճելի է Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան։ Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը։ Մեր կապերն ավելի սերտ են, քան երբևէ, Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ»,- ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահի գրառման մեջ։
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ հանդիպելու Եվրոպական միության բարձրագույն ղեկավարությանը։






