ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն առաջիկայում նախատեսում է այցելել Հայաստան՝ համատեղ նախաձեռնությունները ավելի խորությամբ քննարկելու նպատակով: Այդ մասին ասվել է Կոսի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որի ընթացքում շեշտվել է երկու կողմի գործակցության խորացման անհրաժեշտությունը։
Բրյուսելում Կոսը ողջունել է Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն ու ընդգծել է Հայաստանի հետ շարունակական և կառուցողական երկխոսության կարևորությունը:
Նա գոհունակությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումն անցկացվելու է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի շրջանակում: Մարթա Կոսը ևս մեկ անգամ հայտնել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին և ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:
Փաշինյանն ընդգծել է, որ անցկացրել է արդյունավետ հանդիպումներ Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ՝ իր վստահությունը հայտնելով, որ ՀՀ-ԵՄ համատեղ աշխատանքը կշարունակի զարգանալ ու խորանալ տարբեր ոլորտներում: Նա նաև կարևորել է ԵՄ կողմից Հայաստանի տնտեսական ոլորտի բազմազանեցման, տրանսպորտային ու ենթակառուցվածքային համակարգերի զարգացման, փոքր ու միջին ձեռնարկությունների կարողությունների բարձրացման, ինչպես նաև ԵՄ ստանդարտների կիրառմանն ուղղված աջակցության դերը:
Զրույցի ընթացքում քննարկվել են ԵՄ ֆինանսական գործիքներով Հայաստանում ընթացող նախաձեռնությունները և տնտեսական համագործակցության խթանման հետ կապված հարցերը: Կողմերն անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանվածների սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված կառավարության ծրագրերին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ միջազգային հանրության աջակցությունը:






