Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտարարել է, որ ՀՅԴ երիտասարդների ձերբակալումից հետո նրանք զրկված են պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացումից։ Նրա խոսքով՝ մի կողմից տեղի է ունեցել հոգեբանական ճնշում ձերբակալվածների նկատմամբ՝ փաստաբանի ժամանումը ժամերով հետաձգելով, մինչդեռ նրանք սպասել են, որ իրենց կայցելի պաշտպան։
Մյուս կողմից, փաստաբանի գնահատմամբ, ցուցաբերվել է փաստաբանի աշխատանքի արժեզրկմանն ուղղված վերաբերմունք՝ որոշելով, թե «որքա՞ն պետք է կանգնես դրսում, կասեն՝ երբ կարող ես ներս մտնել, երբ՝ ոչ»։
«Այդկերպ մենք փորձեցինք և՛ կանխարգելել, և՛ ուշադրություն հրավիրել»,- նշել է նա՝ շեշտելով, որ այդ օրը փաստաբանները բոյկոտի միջոցով հանդես են եկել ի նշան բողոքի՝ ցույց տալով, որ եթե իրենց իրավունքները խախտվում են, ապա ինչպես կարող են արդյունավետորեն պաշտպանել ուրիշներին։
Հուլիսի 10–ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ-ականների տներում, որոնցից հետո 7 անձ ձերբակալվել է և տարվել ՀՀ քննչական կոմիտե։






