AM
14 Հուլիս 2025 - 15:14 AMT

ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել է Summertime ցուցահանդեսը

Հուլիսի 4-ին Երևանի ftNFT ֆիջիթալ սփեյսում կայացել է Summertime ցուցահանդեսի բացումը: «Ամառային օդը փոխում է իրականությունը՝ ինչպես հիշողությունը» կոնցեպտով ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններն ասես դուրս են ժամանակից և տարածությունից. օրը վերածվում է գեղեցիկ ու անուշաբույր հիշողության:

ftNFT ֆիջիթալ սփեյսի արվեստի համադրող Արմինե Հարությունյանը ներկայացրել է ցուցահանդեսի բուն գաղափարը. «Ցուցադրությունը կոչվում է Summertime: Փորձել ենք մեր սփեյսում ներկայացնել նոր արտիստների, որոնց հետ երբևիցե դեռ չենք աշխատել: ftNFT ֆիջիթալ սփեյսում առաջին անգամ ենք ներկայացնում հենց այս նկարիչներին: Շատ ուրախ ենք նրանց հյուրընկալել մեր տարածքում»:

Նոր գործակցության շրջանակում ftNFT համայնքին միացած արտիստներ Նարեկ Բարսեղյանի, Արամ Ենգիբարյանի, Էմիլյա Զաքարյանի, Եվա Պետրոյանի և Լիլիթ Եղիազարյանի գունագեղ կտավները ստեղծում են հիասքանչ ամառային միջավայր։ Ներկայացված ինքնատիպ աշխատանքները միտված են փոխելու դիտորդների տարածական և հուզական ընկալումները։

Արվեստագետ Եվա Պետրոսյանը պատմել է սեփական փորձառության և հաջողված գործակցության մասին. «Հիմնականում այս երիտասարդ տարիքում բավականին բարդ է նոր ստեղծագործական կյանք մտնելը, ու երբ որ կողքից մարդիկ են լինում, ովքեր ուղղորդում են, օգնում են, հնարավորություն են տալիս, ես միշտ շատ շնորհակալ եմ լինում»:

ftNFT-ը հարթակ է՝ համախմբելու և օժանդակելու արվեստասերներին: Ցուցադրված աշխատանքներին կարելի է ծանոթանալ մինչև հուլիսի 21-ը՝ 10:00-ից 22:00-ն, Պարոնյան 16/2 հասցեում: