AM
15 Հուլիս 2025 - 07:40 AMT

Դեսպան․ Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունը երբեք այսքան հագեցած և վստահելի չի եղել

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան տարածքում կայացած հանդիսավոր արարողությամբ նշվել է Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։ Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին իր ելույթում ընդգծել է, որ ֆրանսիացիների համար Հայաստանի Հանրապետությունը քույր հանրապետություն է և դրանք լոկ խոսքեր չեն։

Դըկոտինյին ընդգծել է, որ հենց նույն օրը Փարիզի Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի ու Հայաստանի վարչապետի հանդիպումը։ Բաստիլի գրավման տոնին նվիրված միջոցառումներին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ նախագահը, ինչը, դեսպանի գնահատմամբ, վկայում է երկու երկրների միջև առկա սերտ և խորացած կապերի մասին, հայտնում է Արմենպրեսը։

«Անցյալ տարի նշեցինք Շառլ Ազնավուրի 100-ամյակը և Փարիզի պանթեոնում ամփոփեցինք Միսակ և Մելինե Մանուշյանների աճյունները։ Այս տարի հիշում ենք նաև ծովակալ Դյուֆուրնեին, ով 1915 թվականի ամռանը ֆրանսիական երրորդ նավատորմի նավաստիների հետ Միջերկրական ծովում Մուսա լեռան ավելի քան 4000 հայերի փրկեց ցեղասպանությունից։ Նա գործել է առանց հրահանգների՝ հավատաիրմ իր խղճին և ֆրանսիացի սպային վայել պատվին։ 110 տարի անց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցվեց նրան՝ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ներկայությամբ։ 110 տարի անց Մուսա լեռան ոգին շարունակում է ոգեշնչել մեզ՝ հայերին և ֆրանսիացիներին։ Մեր հարաբերությունները երբեք այսքան հագեցած և վստահելի չեն եղել»,- ընդգծել է դիվանագետը։

Նա հավելել է, որ դիվանագիտական ոլորտում Ֆրանսիան շարունակել է աջակցել Հայաստանի կառավարության համառ և խիզախ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային կարգավորմանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս որպես միջազգային կապերի հանգույց։ 2026 թվականին Երևանը կընդունի կենսաբազմազանության հարցերով կողմերի համաժողովն ու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։

«Մենք մեր հայ ընկերների կողքին կլինենք այդ կարևոր միջոցառումների ժամանակ։ Ռազմապաշտպանական ոլորտում մեր համագործակցությունը նույնպես վճռականորեն առաջ է շարժվում։ Այն նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանին՝ պաշտպանելու իր բնակչությանը, տարածքն ու ինքնիշխանությունը։ Ուրախ ենք, որ ներդրում ունենք հայ զինվորների զինման, վերապատրաստման և խորհրդատվության տրամադրման գործում։ Մեր մտքերը նրանց հետ են, ովքեր այս պահին հսկում են բոլորի անվտանգությունը»,- նշել է Ֆրանսիայի դեսպանը։

Դըկոտինյին ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական համագործակցությունը նույնպես առաջընթաց է գրանցել։ Նա նշել է, որ Հայաստանը վստահել է անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման իրավունքը ֆրանսիական «Իդեմիա» ընկերությանը։ «Քարֆուրը» շարունակում է ընդլայնել իր գործունեությունը ՀՀ-ում, իսկ «Միստրալը» սկսել է համագործակցություն արհեստական բանականության բնագավառում։ Գեղարքունիքի մարզում «Ռիշել գրուպը» կառուցում է նոր սերնդի գյուղատնտեսական ջերմոցներ։ Խոշոր ներդրումային նախագծեր են կյանքի կոչվում ենթակառուցվածքների ոլորտում։ Այդ նախագծերից կարևորագույնը Վեդիի ջրամբարի կառուցումն է, որն իրականացվում է Ֆրանսիական զարգացման գործակալության վարկային ֆինանսավորմամբ և նախատեսվում է ավարտել այս աշնանը։

Դեսպանը նշել է նաև, որ Ֆրանսիան իր աջակցությունն է ցուցաբերել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկին և շարունակելու է սատարել Հայաստանի եվրոպական ձգտումներին։ Մարդասիրական ուղղությամբ Ֆրանսիան շարունակում է օգնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին և կանգնած է Հայաստանին նրանց հյուրընկալման հարցում։

«Բռնի տեղահանումից երկու տարի անց մենք նրանց չենք մոռացել։ Ֆրանսիայի նախագահը մեզ համար սահմանել է ուղղություն, որի համաձայն՝ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական։ Այս աջակցությունը կշարունակվի վճռականորեն ընդհանուր ծրագրերի միջոցով, որոնք կիրականացվեն համատեղ ջանքերով։ Աջակցությունը կշարունակվի բոլոր ոլորտներում՝ մշակույթ, դիվանագիտություն, կրթություն, ֆրանկոֆոնիա, պաշտպանություն, շրջակա միջավայր, ենթակառուցվածքներ»,- մանրամասնել է դիվանագետը։

Դըկոտինյին հիշեցրել է, որ ֆրանսիական կողմը հատուկ ուշադրություն է դարձնում խոցելի տարածքներին։ Այդ համատեքստում Գորիս քաղաքում մի քանի շաբաթ առաջ բացվել է Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակը և նույն վայրում անցկացվել է ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովը։ Նա նշել է նաև Վանաձոր քաղաքը, որտեղ հունիսի 21-ին տեղի է ունեցել երաժշտական փառատոն։

«Գիտենք, որ մեր առաքելության մեջ կարող ենք ապավինել Հայաստանի իշխանությունների մշտական, բարեկամական և բարեհաճ աջակցությանը՝ լինի կառավարության, ԱԺ-ի, մարզպետարանների, թե համայնքապետարանների ղեկավարների մակարդակով, որոնց հետ կա ամենօրյա համագործակցություն։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ում համար թանկ է Հայաստանը։ Հայ ժողովուրդը հարստացրել է մեր մշակութային ակունքները, իր բարեկամությամբ և հավատարմությամբ պատվել մեր երկիրը, մեզ տվել է դուստրեր և որդիներ, որոնք նպաստել են Ֆրանսիայի կերտմանը։ Ֆրանսիացիները գիտեն դա, և եթե նրանք կարող են տարաձայնել շատ հարցերում, ապա Հայաստանի վերաբերյալ միակարծիք են։ Շնորհակալ ենք նաև ՀՀ-ում ֆրանսիական համայնքին, որն իր բազմազանությամբ հանդիսանում է սերտ հարաբերությունների կերտողը և համոզմունքով ու նվիրումով ներկայացնում է Ֆրանսիան Հայաստանում»,- եզրափակել է Օլիվյե Դըկոտինյին։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել է այդ երկրի դեսպանատանը, ասել է. «Հայաստան-Ֆրանսիա եղբայրական հարաբերությունները լավագույնս դրսևորվում են ինչպես քաղաքական սերտ երկխոսության, տնտեսական, կրթական, մշակութային կապերի, ապակենտրոնացված և պաշտպանական համագործակցության, այնպես էլ հայ և ֆրանսիացի ժողովուրդների փոխադարձ հարգանքի և անկեղծ բարեկամության միջոցով»։

Խաչատրյանը նշել է, որ Ֆրանսիայի հանրապետությունը ավելի քան երկու հարյուր տարի առաջ ընտրել է համամարդկային արժեքներ՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն, որոնց շարունակում է հավատարիմ մնալ մինչ օրս։ Այս նույն արժեքները կիսում է նաև Հայաստանը՝ դրա հիման վրա ձևավորելով առանձնաշնորհյալ ու պատմականորեն հաստատված բարեկամություն։

Նա շեշտել է, որ 2025 թվականը, ինչպես նախորդ տարիները, աչքի է ընկել երկկողմ համագործակցության ակտիվությամբ, որը դրսևորվել է թե՛ բարձրաստիճան փոխայցելություններով, թե՛ կոնկրետ արդյունքներով։ Որպես օրինակ փոխվարչապետը նշել է Գորիսում կայացած ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովը, ինչպես նաև Փարիզում անցկացված ՀՀ կառավարության և Ֆրանսիական զարգացման գործակալության միջև առաջին խորհրդակցությունները։

«Շնորհավորում եմ բոլորիս՝ երկկողմ դինամիկ և հագեցած օրակարգի, ինչպես նաև համագործակցության նման բարձր մակարդակի կապակցությամբ։ Սա ևս մեկ առիթ է մեր երախտագիտությունը հայտնելու ֆրանսիական կողմին՝ մեզ ցուցաբերվող աջակցության, ՀՀ-ի տարածքային ամբողջականության պաշտպանության և Հարավային Կովկասում արդար ու հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, միջազգային ատյաններում համագործակցության, ԵՄ-ՀՀ օրակարգի ամրապնդման, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի շրջանակում աջակցության և համագործակցության համար»։

Խաչատրյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն առավել վճռականությամբ պատրաստվում է խորացնել երկկողմ համագործակցությունը ռազմավարական բոլոր առանցքային ուղղություններով։ Դրանք ընդգրկում են կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության, ենթակառուցվածքների, կայուն զարգացման և կլիմայի ոլորտները։

Եզրափակելով խոսքը՝ փոխվարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքեր ներդնել՝ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները լիարժեք ռազմավարական գործընկերության վերածելու ուղղությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների ու պետությունների։