AM
15 Հուլիս 2025 - 09:13 AMT

Ինչպես խուսափել աղիքային վարակներից շոգին

Ամառային շոգն ինքնին աղիքային վարակների սեզոնային վերելքի շրջան է, ինչը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, սկսած ստամոքսի թթվայնության անկումից, վերջացրած ճանճերի ակտիվացմամբ, հայտնում է«Հերացի» վերլուծական կենտրոնը։

Նշվում է, որ շոգ եղանակին մեծանում է սննդի միջոցով վարակի փոխանցման հավանականությունը, այստեղ առանձնապես մեծ է կրեմային արտադրատեսակների դերը (օրինակ՝ տորթեր, կրեմով լցոնված թխվածքներ, պաղպաղակ և այլն), որոնք կարող են դառնալ աղիքային վարակների տարածման հիմնական գործոններից մեկը, եթե չեն պահպանվում սանիտարահիգիենիկ պայմանները։

Աղիքային վարակների հարուցիչների զարգացմանը կրեմով արտադրանքներում նպաստող հանգամանքներն են՝

  1. Անբավարար սառեցում. շոգին դրանք անհրաժեշտ է պահել +2°C – +6°C պայմաններում։
  2. Պատրաստման հիգիենիկ խախտումներ՝ չլվացված ձեռքեր կամ գործիքներ։
  3. Ոչ որակյալ հումք՝ ձու, կաթնամթերք, որոնք կարող են պարունակել սալմոնելա, շիգելլա, աղիքային ցուպիկ, ստաֆիլոկոկ և այլն։
  4. Սահմանված պահման ժամկետի գերազանցում, ինչը հատկապես վտանգավոր է շոգ եղանակին։
  5. Արտադրանքի մի քանի անգամ սառեցում ու հալեցում։

Առավել վտանգավոր մանրէներն ու դրանց փոխանցման ուղիներն են՝

  • Salmonella spp.՝ տարածվում է հում ձվով։
  • Staphylococcus aureus՝ փոխանցվում է սնունդ պատրաստողի վարակվածության դեպքում։
  • E. coli՝ փոխանցվում է կեղտոտ ձեռքերի կամ ջրի միջոցով։
  • Campylobacter՝ հանդիպում է վատ մշակված կաթնամթերքի և մսի մեջ։

Վարակման նշաններն են՝ փորլուծություն, որովայնի ցավ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում, թուլություն։

Շոգին աղիքային վարակներից խուսափելու համար խորհուրդ է տրվում՝

  1. Գնել միայն սառցախցիկում պահված կրեմային արտադրանք։
  2. Ստուգել արտադրության և վերջնաժամկետի ցուցումները։
  3. Խուսափել այս տեսակի մթերք գնել փողոցային կամ չվավերացված կետերից։
  4. Սառնարանում պահել դրանք մինչև օգտագործելը։
  5. Մերժել նման մթերք ճանապարհի վերցնելը։

Աղիքային վարակների գլխավոր բարդությունը ջրազրկումն է, որը հատկապես վտանգավոր է ինչպես երեխաների, այնպես էլ տարեցների համար։

Մեծահասակների ջրազրկման նշաններն են՝

  1. Բերանի չորություն
  2. Սակավ, մուգ մեզ
  3. Թուլություն, գլխապտույտ կանգնելիս
  4. Մարմնի ջերմության բարձրացում
  5. Քնկոտություն, գրգռվածություն
  6. Մաշկի առաձգականության կորուստ
  7. Ցածր ճնշում
  8. Սրտխփոց, արագ շնչառություն

Ռիսկային խմբերն են՝

  • Տարեցներ (>65 տ.)՝ նրանց մոտ ծարավի զգացողությունը նվազած է։
  • Քրոնիկ հիվանդություններ ունեցողներ՝ շաքարային դիաբետ, երիկամային խնդիրներ։
  • Աղիքային վարակով հիվանդացածներ։
  • Բարձր ջերմություն ունեցողներ։
  • Սպորտով զբաղվողներ կամ ֆիզիկապես ծանրաբեռնված մարդիկ շոգին։

Հնարավոր բարդությունները կարող են լինել՝

  • Էլեկտրոլիտային խանգարումներ
  • Դիաստոլիկ ճնշման անկում և շոկի ռիսկ
  • Գիտակցության և տեսողության խանգարումներ
  • Սրտի կամ երիկամների անբավարարություն

Ջրազրկման կանխարգելման միջոցներն են՝

Հիդրատացում

• Օրական խմել առնվազն 6–8 բաժակ ջուր (շոգին՝ ավելի շատ)։

• Խուսափել գազավորված կամ քաղցր ըմպելիքներից։

• Օգտագործել էլեկտրոլիտային լուծույթներ՝ ջրազրկման դեպքում։

Սննդակարգ

• Ընդգրկել ջրային մթերքներ՝ ապուրներ, բանջարեղեն, մրգեր (ձմերուկ, սեխ, վարունգ)։

• Խուսափել աղի կերակուրներից։

Ինքնադիտարկում

• Վերահսկել մեզի հաճախականությունն ու գույնը։

• Տարեցներին հիշեցնել ջուր խմելու անհրաժեշտության մասին՝ անկախ ծարավից։

Բուժօգնություն

• Միջին կամ ծանր ջրազրկման դեպքում դիմել բժշկի։

• Տանը կարելի է օգտագործել աղի–շաքարային լուծույթներ։