Դատական նիստին չներկայանալու համար 3 ամսով կալանավորված և 8 ամսական դստեր հետ «Աբովյան» ՔԿՀ տեղափոխված Լիանա Հարությունյանը երեխայի հետ հոսպիտալացվել է: Նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը դիմել է ՄԻԵԴ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Լիանա Հարությունյանի և նրա դստեր մեկ օր կալանավայրում մնալուց հետո դստեր առողջական վիճակի վատթարացման հետևանքով հոսպիտալացվել են և այժմ գտնվում են հիվանդանոցում: ՀՀ անմեղ ամենափոքրիկ կալանավորը՝ Լիանա Հարությունյանի դուստրը, մի քանի օրերի ընթացքում հասցրել է լինել բանտարկության երեք վայրերում օտար, զինվորական համազգեստով անձանց անմիջական վերահսկողության ներքո դատարանի բանտախցում, կալանավայրի բանտախցում և այժմ քաղաքացիական հիվանդասենյակի բանտարկության ռեժիմում»,- գրել է Փոստանջյանը։
Անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար մեղադրվող Լիանա Հարությունյանը ևս 2 անչափահաս երեխա ունի։
Փոստանջյանը գրել է․ «Դատավոր Արշակ Մաթևոսյանի հատուկ նպատակը կայանում է նրա ցանկության մեջ` պատժել Լիանա Հարությունյանին նրա կողմից արտաբերված հետևյալ խոսքերի համար «ինչը, որ իմ վրա գրել եք, ինչը, որ հիմա իմ վրա ուզում եք բարդեք, դրա համար պատասխան եք տալու, դուք ձեր ապօրինի քայլերի համար պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»:
Փոստանջյանը տեղեկացրել է, որ բողոքներ է ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով կալանքի որոշումը։
«Բողոքներում ընդգծել եմ, որ Լիանա Հարությունյանի և նրա մանկահասակ երեխայի կալանավորումը հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային փաստաթղթերով երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքների, այդ թվում՝ երեխայի լավագույն շահի սկզբունքի, խնամքի և կյանքի ու առողջության պահպանման իրավունքի»,–գրել է նա։
Փոստանջյանը հայտնել է նաև, որ պատրաստվել են նաև երաշխավորագրեր՝ նախատեսված այն պատգամավորների համար, ովքեր ցանկություն կհայտնեն միջնորդել Լիանա Հարությունյանի խափանման միջոցը փոփոխելու համար։
«Նաև առանձին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու վերաբերյալ, քանի որ ռեպրեսիվ որոշում ընդունելուց հետո իրավիճակ է փոխվել և այն դատարանը, որը ընդունել էր ոչ իրավաչափ և առանձնապես դաժանության բնույթ ունեցող որոշում, պետք է վերանայի այդ որոշումը այն ոչ իրավաչափ լինելու լույսի ներքո»,- գրել է Փոստանջյանը։
Հուլիսի 13-ին Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ «Աբովյան» ՔԿՀ-ում պարզվել է՝ երեխայի մոտ ի հայտ է եկել փորլուծություն, ինչի հետևանքով նրա մաշկը վնասվել է։ Նա նշել էր, որ Լիանա Հարությունյանը զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախցում բացակայում է տաք ջուր և համապատասխան պայմաններ։ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հերքել էր հրապարակված տեղեկությունները։






