Երևանում «Նեմեսիս» քանդակի հարևանությամբ մեկնարկել է ՀՅԴ 12-րդ համահայկական երիտասարդական-ուսանողական բանակումը։
Բացման արարողությունից անմիջապես հետո մասնակիցները շարժվել են Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, այնուհետև երթով անցել Երևանի կենտրոնով, հայտնում է Sputnik Արմենիան։
Մինչ այդ, ՀՅԴ բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանն իր խոսքում ընդգծել է, որ միայն համահայկական զորաշարժը կարող է լուծում տալ այն խնդիրներին ու մարտահրավերներին, որոնք այսօր կանգնած են Հայաստանի առջև։
«Միայն համահայկական զորաշարժով հնարավոր կլինի լուծել Հայաստանի գլխին կախված խնդիրներն ու մարտահրավերները»,-ասել է նա։ ։
Նրա խոսքով՝ այսպիսի հավաքն արդեն վկայում է, որ թեև կան փորձեր պառակտել Հայաստանն ու սփյուռքը, սակայն միջազգային և տարածաշրջանային սպառնալիքների պայմաններում հայությունը հանդես է գալիս միասնաբար։
ՀՅԴ բյուրոյի անդամ, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել է, որ այս հավաքը ուղիղ արձագանք է բոլոր այն ուժերին, որոնք վերջին տարիներին փորձ են արել խաթարել Հայաստան–սփյուռք կապը, այդ թվում՝ արգելելով որոշ դաշնակցականների մուտքը Հայաստան։
«Սա պատասխան է բոլոր նրանց, ում թվում է, որ Դաշնակցական երիտասարդներին ապօրինի կալանավորելով կարող են զերծ պահել հայ ժողովրդի հավաքական իրավունքների համար պայքարելուց։
Սա պատասխան է նրանց, ում թվում է՝ մեզ հալածելով կարող են ետ պահել մեզ մեր պայքարից՝ չհասկանալով, որ ամեն հարվածից հետո մենք ավելի ենք ուժեղանում, ամրանում, ազգային նպատակներին հասնելու համար ավելի հետևողականորեն ենք պայքարելու»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Սաղաթելյանը հավելել է, որ սա պատասխան է բոլոր նրանց, ում թվում է, թե «հայ երիտասարդը համակերպված է այս պարտությունների հետ, իսկ հայկական սփյուռքն անտարբեր հայրենիքի նկատմամբ»։
Հուլիսի 10-ին «ահաբեկչության նախապատրաստման» գործի շրջանակում ձերբակալված 5 երիտասարդներ, այդ թվում՝ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանը, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը հուլիսի 13–ին ազատ են արձակվել։






