AM
15 Հուլիս 2025 - 13:30 AMT

Աբրահամյան․ Փաշինյանը փնտրում է կաթողիկոսի նոր թեկնածու

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի նոր թեկնածու է փնտրում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի փոխարեն։

«Ես գիտեմ, որ նա բանակցություններ է վարում, թե ով կդառնա կաթողիկոս։ Նա գնում է, համոզում է․ «դեմ դուրս եկեք (եկեղեցական ղեկավարության. – Խմբ.), ձեզ համար ամեն ինչ կանեն»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Աբրահամյանի կարծիքով՝ Փաշինյանի փորձերը հաջողության չեն հասնի, քանի որ եկեղեցին մեծ ազդեցություն ունի։

«Փաշինյանը կաթողիկոսին մեղադրանքներ է ներկայացնում։ Դա նրա գործը չէ։ Ո՞վ է կաթողիկոսը։ Սա ընտրովի անձ է։ Բան ունես ասելու, ասա, իսկ նրանք արդեն իրենք կորոշեն»,–ասել է նա։

Աբրահամյանը նաև մեջբերել է Փաշինյանի այն խոսքերը՝ «թե ինքն անձամբ է առաջնորդելու գործընթացը»՝ հավելելով, որ դա չի ընկալվում հայերի կողմից։

Աբրահամյանը նշել է, որ վարչապետի դրդապատճառն այն մտահոգությունն է, որ եկեղեցին կարող է համախմբել իր դեմ տրամադրված ընտրողներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։