AM
15 Հուլիս 2025 - 13:43 AMT

Մի քանի պատգամավոր միջնորդել են ազատ արձակել 8 ամսական երեխայի մորը

Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ երաշխավորություն են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը ՔԿՀ էր տեղափոխվել 8 ամսական երեխայի հետ։ Այդ մասին տեղեկացրել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Լիանա Հարությունյանին երեք ամսով կալանքի տակ պահելու որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ նա խնամում է ութ ամսական երեխայի, որի հետ կալանավայրից տեղափոխվել էր հիվանդանոց: Անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար մեղադրվող Լիանա Հարությունյանը ևս 2 անչափահաս երեխա ունի։

Փոստանջյանը տեղեկացրել է, որ բողոքներ է ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով կալանքի որոշումը։