ԵՊՀ-ից պնդում են, թե ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն պարզ չէ՝ երբ է եղել դեկանի պաշտոնում նրա ընտրությունը և կոնկրետ որ ժամկետն է լրացել։
Մինչև 2023 թվականը ԵՊՀ-ում դեկանները ընտրվել են իրենց ֆակուլտետներում՝ այնուհետև հաստատվելով գիտական խորհրդում։ 2023-ին հաստատված նոր կանոնադրության համաձայն՝ դեկանների ընտրության կարգը փոփոխվել է. այժմ նրանք ընտրվում են անմիջապես գիտական խորհրդում՝ առանց ֆակուլտետների ներգրավվածության։ Ըստ այդ կանոնադրության՝ դեկանի պաշտոնավարման տևողությունը հինգ տարի է։
Հիմնվելով նոր կանոնադրության վրա՝ ԵՊՀ-ն ներկայացրել է սրբազանին ազատելու հիմնավորումը, սակայն, ինչպես նկատել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախկին փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը, այդ բացատրությունը մի շարք հարցեր է առաջացրել, հայտնում է «Փաստինֆոն»։
Ըստ նրա, եթե ենթադրվում է, որ պաշտոնավարման ժամկետը լրացել է, ապա նշանակում է, որ վերջին ընտրությունը տեղի է ունեցել 2020 թվականին, քանի որ դեկանի պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է։ Բայց Աբաջյանն ընդգծել է, որ 2020 թվականին ինքը եղել է համալսարանի կառավարման մարմիններում և հիշում է, որ նման ընտրություն տեղի չի ունեցել։ Նա հավելել է, որ ԵՊՀ-ի պաշտոնական կայքում չկան այդ ընտրության վերաբերյալ տվյալներ, ի տարբերություն մյուս ֆակուլտետների։
«Հարց է առաջանում՝ որ ժամկետն է լրացել հիմա և եթե այդ ժամկետն ավելի շուտ էր լրացել, օրինակ, ոչ թե 2020թ․ է եղել վերջին ընտրությունը, այլ՝ ավելի վաղ՝ 2017-18, էական չէ, ապա ինչու հենց հիմա հիշեցին, որ ժամկետը լրացել է, այսինքն՝ եթե ավելի վաղ է լրացել, օրինակ, ԵՊՀ ներկա ռեկտորը պաշտոնավարում է 2021թվականից, ապա դա նշանակում է, որ նա չորս տարվա ընթացքում կա՛մ հովանավորչություն է իրականացրել, որ նոր մրցույթ չի հայտարարել, կա՛մ պաշտոնեական անփութություն է թույլ տվել և մրցույթ չի հայտարարել»,-ասել է Աբաջյանը։
Նա նաև ընդգծել է, որ նույնիսկ եթե ընդունվում է պաշտոնավարման ժամկետի ավարտը, ընթացակարգը խախտվել է, քանի որ կանոնադրությամբ սահմանված է, որ ժամկետի ավարտից երկու ամիս առաջ պետք է մրցույթ հայտարարվի։
Աբաջյանը հավելել է, որ վերջին 1,5-2 տարում ըստ գործող կանոնակարգի ընտրվել է 11 դեկան՝ նրանցից ոմանք վերընտրվել են, իսկ նոր ընտրվածների պարագայում նախկին դեկանները շարունակել են պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը։ Սակայն Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի դեպքում՝ նրան աշխատանքից ազատել են ծանուցման միջոցով՝ պատճառաբանելով ժամկետի լրացմամբ, առանց վերոնշյալ ընթացակարգի պահպանումը։
«Եթե նույնիսկ ընդունենք, որ ժամկետն է լրանում, ապա պետք է ոչ թե ծանուցեին և ազատեին աշխատանքից, այլ՝ երկու ամիս առաջ մրցույթ հայտարարեին, գուցե նա վերընտրվեր, շարունակեր պաշտոնավարել»,- ասել է Աբաջյանը՝ շեշտելով, որ ընթացակարգը խախտվել է բոլոր հնարավոր մեկնաբանություններով։
Նա անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Անուշավան Սրբազանը պաշտոնավարել է 2005 թվականից ի վեր, և ենթադրել է, որ վերջին տարիներին շարունակաբար վերընտրվել է։ Թեև կանոնադրությամբ սահմանվում է, որ դեկանը կարող է անընդմեջ երկու անգամ ընտրվել, ԵՊՀ-ում կանոնադրությունը մի քանի անգամ փոփոխվել է։
«Երբ Համալսարանում կանոնադրություն է փոխվում, ըստ էության, նախորդ պաշտոնավարման ժամկետը չի դիտարկվում, իրենք հաշվում են՝ նոր կանոնադրության փոփոխությունից հետո։ Տեսականորեն, դրա համար, Համալսարանում կարող են լինել դեկաններ, որոնք 20 տարի կամ գուցե ավել են պաշտոնավարում, որովհետև այդ ընթացքում ընթացակարգեր, կանոնադրություններ են փոխվել»,–նշել է նա։
Աբաջյանը կարևոր է համարել հստակեցումը, թե երբ է տեղի ունեցել վերջին ընտրությունը։ Ըստ նրա, եթե հիմա է ժամկետը լրացել, ապա նշանակում է՝ պայմանագիրը կնքվել է 2020-ին, սակայն այդպիսի գործընթաց չի արձանագրվել։ Եթե այն եղել է ավելի վաղ, ապա պետք է բացատրվի, թե ինչու այդ հարցը մինչ այժմ չի բարձրացվել։
Նա նաև նշել է, որ դեկանի ազատումն ունի քաղաքական երանգներ՝ կապելով այն Սրբազանի՝ Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցության հետ, որը տեղի է ունեցել ազատման որոշումից անմիջապես առաջ։
«Եթե այս գործընթացը գումարում ենք երկրում հակաեկեղեցական արշավին, մեր ստորաբաժանման լուծարմանը, ապա ակնհայտ է, որ դա Համալսարանի գործընթաց չէ, այլ՝ Համալսարանում գործող մարդկանց ձեռքով դրսի ուղղորդողներն անում են իրենց ուզած գործընթացը»,- նկատել է Աբաջյանը։
Երբ նրան հարցրել են, արդյոք կարող է Աստվածաբանության ֆակուլտետում ներառվել աղանդավորական մտածողությամբ անձ՝ այդ թվում՝ դեկանի պաշտոնում, Աբաջյանը պատասխանել է, որ չգիտի, թե ով է ընտրվելու, սակայն վստահ է, որ նպատակն է՝ խոչընդոտել բարձր հոգևոր կարգ ունեցող անձի նշանակումը, ինչը կապում է հակաեկեղեցական միտումների հետ։ Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ գիտական խորհուրդը կցուցաբերի անկախություն և կընտրի արժանավոր թեկնածուի, եթե ընտրություն կայանա։
Դիտարկմանը, թե նախկինում էլ՝ նախկին իշխանությունների օրոք, ֆակուլտետը հանդուրժող է եղել այլակարծության նկատմամբ, քանի որ նախկին շրջանավարտների թվում են եղել ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ընդդիմադիր հայացքներ ունեցող այլ գործիչներ, Աբաջյանը արձագանքել է, նշելով՝ այժմ էլ կան տարբեր տեսակետներ ունեցող դասախոսներ։ Դեկանի քաղաքական ակտիվության մասին ինքը տեղեկություն չունի, բայց ողջ գործընթացը դիտարկում է Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականության դեմ իրականացվող հարվածների համատեքստում․
«Ցանկանում են ցույց տալ, որ այն անձինք, որոնք իրենց կարծիքը կհայտնեն, չեն ենթարկվի, բոլորի հետևից գալու են»,–ասել է նա։
Անդրադառնալով ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարմանը՝ Աբաջյանը նշել է, որ մտադիր են բողոքարկել այդ որոշումը դատարանում, քանի որ այնտեղ ևս, ըստ նրա, առկա են լուրջ գործընթացային խախտումներ, ներառյալ՝ նույնիսկ աշխատանքի օրենսգրքի հղված հոդվածի սխալ կիրառումը։






