AM
16 Հուլիս 2025 - 06:21 AMT

Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացման հիմքով

Երկու ամսով կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտնել է, որ նրան նոր մեղադրանք է ներկայացվել՝ «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման» հիմքով։

Նշվում է, որ դա ակնհայտ անհիմն նոր մեղադրանք է՝ առանց որևէ տվյալի։

Հայտարարության մեջ ասվում է․ «Ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցուն Սամվել Կարապետյանի 2025 թվականի հունիսի 17-ի հայտարարությանը հաջորդեցին՝ 1) գործադիր իշխանության ղեկավարի հրապարակային ուղիղ սպառնալիքները և հաշվեհարդարի խոստումները, 2) ժամերի ընթացքում քրեական վարույթի նախաձեռնումը, 3) 24 ժամվա ընթացքում «իշխանությունը զավթելու կոչի» (Մայր Աթոռը պաշտպանող նույն հայտարարության) համար Սամվել Կարապետյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի մեղադրանք ներկայացնելը և կալանավորելը։

Այս ժամանակահատվածում՝ չնայած Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի արդյունավետ քննության բացակայությանը, ցանկացած անաչառ դիտորդի համար պարզ է դարձել մեղադրանքի՝ ակնհայտ անհիմն և կալանքի ապօրինի լինելը, ինչպես նաև ընդհանուր քրեական վարույթի քաղաքական հետապնդման բնույթը: Արդյունքում, քրեական վարույթը կարճելու, կալանքը վերացնելու փոխարեն՝ անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին օրերս ներկայացվել է «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման» ակնհայտ անհիմն նոր մեղադրանք՝ առանց որևէ տվյալի: Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում:

Միաժամանակ, ստեղծված իրավիճակում աննախադեպ է այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. ավելին, ստացվում է, որ մեղադրանք է ներկայացվել որևէ ուղիղ կամ անուղղակի մասնակցության, ենթադրյալ միջոցները թաքցնելու կամ խեղաթյուրելու հետ կապված որևէ իրողության բացակայության պայմաններում»:

Նշվում է, որ մեղադրանքում նկարագրված գործողություններում չի նշվել կառավարչական բնույթի որևէ որոշում, գույքի հետ որևէ առնչություն:

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։