AM
16 Հուլիս 2025 - 06:48 AMT

Վանեցյան․ Պատրաստ ենք սատարելու ցանկացած ուժի, որ կհեռացնի Փաշինյանին իշխանությունից

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չնայած իրենք չեն բացառում փողոցային պայքարի և այդ ճանապարհով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու տարբերակը, սակայն, ընդդիմությունը պետք է պատրաստ լինի ընտրություններին։

Նա հավելել է, որ «Հայրենիք» կուսակցությունը կսատարի ցանկացած ուժի, որը կկարողանա հեռացնել Փաշինյանին իշխանությունից։

«Չբացառելով փողոցային պայքարը և հնարավորությունը՝ Նիկոլ Փաշինյանին օր առաջ իշխանությունից զրկելու, մենք պետք է նաև պատրաստվենք ընտրություններին։ Ընտրություններն ինչ-որ մի օր լինելու են և իշխանությունը իր վարչական լծակներով պատրաստ է լինելու ընտրություններին, իսկ ընդդիմությունը, ցավոք սրտի, պատրաստ չի լինելու, եթե չսկսի չպատրաստվել»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը, որոնք այսօր իրականացվում են ընդդիմադիր ուժերի նկատմամբ, նաև դրան են միտված։

«Փաշինյանը շեղում է օրակարգերը։ Լինելով իշխանություն, ամենօրյա ռեժիմով ունենալով մեծ վարչական ռեսուրս, պատրաստվում է ընտրություններին, իսկ ընդդիմությանը ձերբակալում է, հարձակումներ է գործում տարբեր հասարակական, քաղաքական գործիչների վրա, որոնցով մարդկանց շեղում է։

Նորից եմ կրկնում, որ ընտրություններին պետք է պատրաստվել՝ չբացառելով փողոցային պայքարը, եթե մենք կամ ցանկացած ընդդիմադիր ուժ տեսնեն հնարավորություն, որը կկարողանա առաջնորդել և իրագործել օր առաջ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը,ապա դա միայն ողջունելի է։

Ես՝ «Հայրենիք» կուսակցության անունից եմ հայտարարում, ցանկացած ուժի կողքին, առողջ ուժի կողքին կանգնելու ենք, որը կկարողանա դա իրագործել, մենք մեր ներուժով կանգնելու ենք»,- ասաց Վանեցյանը։