AM
16 Հուլիս 2025 - 07:29 AMT

ԱԺ ընդդիմությունը ՍԴ-ում կվիճարկի ՀԷՑ-ը «խլելու» օրենքը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլելու» վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը, հայտնում է «Փաստինֆոն»։

Նրանք միջնորդել են նաև, որ իրենց դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվի նաև օրենքի գործունեությունը՝ մինչև ՍԴ-ի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը։

Դիմումը ներկայացվել է հուլիսի 11-ին, սակայն մինչ այս պահը վարույթ ընդունելու մասին որոշում դեռ կայացված չէ՝ ըստ ՍԴ կայքի տվյալների և դիմումատուների տեղեկությունների։ Սակայն որոշումը սպասվում է առաջիկայում՝ հաշվի առնելով օրենքով սահմանված եռօրյա ժամկետը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, որ ՍԴ ներկայացված դիմումը վիճարկում է մի քանի դրույթներ ու ձևակերպումներ։ Դրանցից առաջինը վերաբերում է սեփականության իրավունքին՝ քանի որ փոփոխության համաձայն՝ լիցենզիան ուժը կորցնում է առանց որևէ դատական ակտի, ինչը հանգեցնում է լիցենզավորված ընկերության գույքի տնօրինման իրավունքի կորուստին։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ըստ Մինասյանի՝ այս օրենքը հնարավորություն է ստեղծում սեփականատիրոջից գույք վերցնելու՝ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով չնախատեսված մեթոդներով։ Երկրորդ խումբ խախտումները, ըստ Մինասյանի, առնչվում են օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքի խախտմանը։ Այսինքն՝ նույնիսկ մինչ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված խախտումների համար կարող են հետագայում պատասխանատվության ենթարկել։

Երրորդ խումբ խնդիրները կապված են այն հանգամանքի հետ, որ փոփոխությունները խախտում են Սահմանադրությամբ նախատեսված անկախ կառույցների՝ մասնավորապես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիազորությունները։ Ըստ Մինասյանի՝ այս հանձնաժողովը, լինելով կոլեգիալ մարմին, փաստացի անտեսվել է։ Արդյունքում՝ միայն հանձնաժողովի նախագահը կարող է նշանակել կառավարիչ, որը հետագայում ստանում է ձեռնարկության ամբողջ կառավարման լիազորությունները՝ միաժամանակ զրկելով սեփականատիրոջը, խորհրդին և գործադիր տնօրենին որոշումներ կայացնելու հնարավորությունից։

Մինասյանը նաև նշել է, որ առկա են մի շարք ձևակերպումներ, որոնք հակասում են գնի որոշման իրավական հստակության սկզբունքին։ Օրինակ՝ նախագծով կառավարությանը վերապահվում է առաջնահերթության իրավունք, մինչդեռ՝ ինչպես ՍՊԸ-ների, այնպես էլ ՓԲԸ-ների դեպքում այդ իրավունքը բաժնետերերինն է։

Այս ամենից բացի, Մինասյանը ընդգծել է, որ օրենքի ընդունման ընթացակարգերն էլ խախտումներով են իրականացվել՝ մասնագիտական կարծիքներ չեն ստացվել, հանրային լսումներ չեն կազմակերպվել, և հասարակությունը զրկված է եղել գործընթացին մասնակցելու հնարավորությունից։ Նրա պնդմամբ՝ այս ամենից բխող ամենամեծ վտանգն էներգետիկ համակարգում առկա հնարավոր ճգնաժամն է։

«Եթե այս փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մեջ»,- նշել է Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ դիմումին կից ներկայացրել են միջնորդություն՝ օրենքի գործողությունը կասեցնելու վերաբերյալ՝ գործն ըստ էության քննելու փուլում անդառնալի վնասներից խուսափելու համար։ Նա հավելել է, որ առաջիկայում ներկայացվելու է նաև միջնորդություն՝ գործը քննելու բանավոր ընթացակարգով, քանի որ հարցն ունի լայն հանրային արձագանք և վերաբերում է պետության ու քաղաքացիների կենսական շահերին, այդ թվում՝ անվտանգությանը։

«Թեև ՍԴ ներկա կազմից մեծ հույսեր չկան, բայց սա կարևոր է նաև միջազգային դատական ատյաններում՝ գործի քննության հետագա ընթացքն ապահովելու համար։ Հուսամ՝ ՍԴ դատավորներն այդքան խելամտություն կունենան՝ ճիշտ որոշումներ կայացնելու, այն է՝ փոփոխություններն ակնհայտ հակասում են Սահմանադրությանը»,- եզրափակել է Մինասյանը։

«Տաշիր» խմբի ղեկավար, բարերար Սամվել Կարախետյանի՝ ՀԱԵ-ի պաշտպանությանն ուղղված հայտարարություններից հետո իշխանությունները ձեռնարկել են ՀԷՑ-ի պետականացման գործընթաց։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ընդամենը երկու շաբաթում մշակել է օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն է տալիս գործադիրին վերցնելու ՀԷՑ-ի կառավարումը։ Այդ նախագիծը նույն խմբակցությունն էլ ընդունել է ԱԺ արտահերթ նիստի ընթացքում՝ ընդամենը մեկ օրվա ընթացքում։