Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն։ Մի խումբ անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու հատկանիշերով, տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Այս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով:
Արդեն մի քանի ամիս իրականացվող լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր է դարձել պարզել ոչ միայն հանցագործությունների մեխանիզմը, այլև բացահայտել բոլոր ներգրավված անձանց ինքնությունն ու նրանց գործառույթները կազմակերպությունում։
Հուլիսի 1-ին, մանրամասն նախապատրաստումից հետո, Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցները իրականացրել են անսպասելի խուզարկություն։ Հմուտ գործողությունների արդյունքում հանցախմբի անդամներին չի հաջողվել վերացնել այն էլեկտրոնային տեղեկատվությունը, որը ունի առանցքային ապացուցողական արժեք։
Բացահայտվել է նաև հանցախմբի անդամներին պատկանող համակարգչային տեխնիկա ու բջջային սարքեր, որոնցում տեղադրված հատուկ սարքավորումներ նախատեսված էին նրանց ինքնության գաղտնաբացման վտանգը նվազեցնելու համար։
Մինչ այդ իրավապահները հավաքել են փաստեր, ըստ որոնց՝ խմբի անդամները կապի մեջ են մտել արտերկրում բնակվող անձանց հետ՝ օգտագործելով կեղծ անուններ և օտար լեզուներ։ Նրանք ներկայացել են որպես ներդրումային հարթակների ներկայացուցիչներ և համոզել մարդկանց կատարել ներդրումներ կեղծ կրիպտոարժույթային հարթակներում՝ խոստանալով արագ շահույթ։
Նրանց գործողությունների արդյունքում բազմաթիվ անձանցից խաբեությամբ ձեռք են բերվել բանկային տվյալներ, որոնց հիման վրա հավաքվել են տվյալներ՝ այդ անձանց ֆինանսական վիճակի վերաբերյալ։
Բացի այդ, հանցախումբը թիրախավորել է նաև այն քաղաքացիներին, ովքեր նախկինում արդեն դարձել են նմանատիպ հափշտակության զոհեր՝ առաջարկելով կեղծ հետաքննություն ու խոստանալով վերադարձնել կորցրած գումարները՝ միջնորդավճարի դիմաց։
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական վարույթ։ Համատեղ միջոցառումները շարունակվել են։
Ներկայումս Քրեական ոստիկանության ծառայողներն ակտիվ համագործակցում են օտարերկրյա պետությունների գործընկերների հետ` հանցավոր կազմակերպության գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու նպատակով։






