Երևանի Նոր Նորք վարչական շրջանում մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային կապող մոտ 2.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման ծրագրի մրցութային գործընթացը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Չափագրման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Նախագծի իրականացումը, ինչպես նաև հետագայում նախատեսվող էստակադայի կառուցումը, զգալի ազդեցություն կունենան Մյասնիկյան պողոտայի վրա՝ նվազեցնելով երթևեկության բեռնվածությունը։
Այս նոր լուծումն, ըստ քաղաքապետարանի, հնարավորություն կտա նաև առավել ծանրաբեռնված պողոտայի հատվածներում ստեղծել ավտոբուսային գծեր՝ բարելավելով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի հոսքը։






