AM
16 Հուլիս 2025 - 08:38 AMT

Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը

Հայաստանի գլխավոր դատախազությունը վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում գտնվող շենքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը, որը երկար տարիներ օգտագործվել է որպես«բ» Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության գրասենյակ«/բ» Երևանում։

Դատական գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին, հայտնում է Արմենպրեսը։

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 2007 թվականի հունվարի 31-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Ն. Զարյան փողոց 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ ԼՂ կառավարության սեփականության իրավունքի գրանցումը։

Գործի պատասխանող կողմ է ՀՀ կադաստրի կոմիտեն, իսկ որպես հայցվոր ներկայացվում է գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մերի Հովհաննիսյանը։

Դատական գործը վերաբերում է անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցման վկայականի (համար՝ 2239396) անվավեր ճանաչման պահանջին։ Դատական նիստերի օրերը դեռ չեն հրապարակվել։