AM
16 Հուլիս 2025 - 08:49 AMT

«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպան եղել․ Սա մահվան 16–րդ դեպքն է ՔԿՀ–ներում տարեսկզբից

Հուլիսի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահվան հերթական դեպքն է գրանցվել։ Factor TV-ի տեղեկություններով՝ դատապարտյալ Ա.Ս-ն պատժախցում ինքնասպան է եղել սավանով կախվելու միջոցով։

«Մեզ տեղեկացրին, որ դատապարտյալը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, պարբերաբար կոտրել է խցի գույքը, ինչի հետևանքով հայտնվել է պատժախցում։ Մի քանի անգամ փորձել են նրան տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», ՔԿՀ, սակայն Ա.Ս-ն կամ տեղում կամ հիվանդանոցում կամովին հրաժարվելու դիմում է գրել», գրում է Factor.am-ը։

Քրեակատարողական ծառայությունը հաստատել է տեղեկությունը։

««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս․-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, որն արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է ՔԿԾ հասարակայնության և լրատվության վարչության պետ Նոնա Նավիկյանը։

Տարեսկզբից մինչև օրս ՔԿՀ-ներում գրանցվել է մահվան 16 դեպք, որից 6-ը՝ ինքնասպանության միջոցով։ Մահվան դեպքերն այս տարի կտրուկ աճ են գրանցել: Նախորդ տարվա ամբողջ ընթացքում գրանցվել էր մահվան 12 դեպք, բոլորի դեպքում արձանագրվել էր կենսաբանական մահ։