AM
16 Հուլիս 2025 - 09:09 AMT

Փաշինյան․ Կա խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու գաղափար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտնել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի նախաստորագրման գաղափար կա։ Նա նշել է, որ այդ հարցը քննարկվել է Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

«Սկսել ենք խորհրդակցություններ, թե ինչպես գնալ առաջ, և նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա։ Դա քննարկվող տարբերակներից մեկն է, ինչը որոշակի պայմաններում կարող է լինել իրատեսական, որոշակի պայմաններում՝ ոչ այդքան իրատեսական», – ասել է վարչապետը։

Նա հիշեցրել է, որ տեղի է ունեցել երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախագծի տեքստի համաձայնեցում և տեքստի շուրջ բանակցությունների ավարտ:

Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը խաղաղության համաձայնագրի ստորագրման ոչ մի հնարավորություն բաց չի թողել ու չի թողնելու։

Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։