Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել է, որ պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը և վերցնելու է, բայց դա չի նշանակում, որ պետությունն է միշտ լինելու կառավարողը։
«Մենք այս փուլում պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնենք, բայց չենք ասել, որ պետականացման կամ գնման գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը ՀԷՑ-ի»,- ասել է նա:
Նա նշել է, որ ՀԷՑ-ին առնչվող պատմությունը նոր չի սկսվել, որ դժգոհությունները, ահազանգերը սկսվել են մարզային իր այցելությունների ժամանակ քաղաքացիների հետ շփումներից:
Վարչապետը նաև ասել էլ, որ պետք է գտնել արդյունավետ կառավարիչ, նաև կառավարման նկատմամբ ձևավորել շատ հստակ և արդյունավետ հանրային ու պետական վերահսկողություն:
Նա նշել է, որ ՀԷՑ-ն իր նախորդող շրջանի գործունեության ընթացքում ի հեճուկս կառավարության բազմաթիվ հորդորներին ու խնդրանքներին, պատշաճ քայլեր չի ձեռնարկել, հետևաբար, կառավարությունն է պարտավոր պատշաճ քայլեր ձեռնարկել։
Հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է մի քանի օրենսդրական փաթեթ, որոնցով պետությանը ընձեռվել են լծակներ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը։ ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները։






