Ռուսաստանի հայերի միությունը հայտարարել է, որ միջազգային առցանց համաժողով կանցկացնի հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու: Այդ մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Արա Աբրահամյանը։
«Ինձ զանգահարում են աշխարհի տարբեր երկրներից ու ասում են՝ պարոն Աբրահամյան, ինչպես կարող է նման բան լինել։ Ես պատրաստվում եմ նման Zoom կազմակերպել։ Քանի որ շատ մարդիկ վախենում են գնալ այնտեղ՝ Հայաստան։ Ես կկազմակերպեմ համահայկական համաժողով՝ ի պաշտպանություն եկեղեցու։ Որ յուրաքանչյուրն ասի իր կարծիքը։ Չի կարելի վախենալ», –ասել է Աբրահամյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա կարծիքով՝ իրապես հավատացյալ մարդիկ չպետք է վախենան եկեղեցու պաշտպանությամբ հանդես գալ և արտահայտել իրենց դիրքորոշումը։
Աբրահամյանն ընդգծել է, որ նա ղեկավարում է նաև հայկական սփյուռքի մեկ այլ կառույց՝ Համաշխարհային հայկական կոնգրեսը, որը նույնպես կմասնակցի այս համաժողովին։
«Հիմա ուզում եմ ամբողջ աշխարհի հետ խոսել՝ կաթողիկոսի աջակցությամբ։ Որ բոլորս միասին հանդես գանք կաթողիկոսի պաշտպանությամբ», –նշել է նա։
Նրա խոսքով՝ իրեն զանգահարում են հայեր ամբողջ աշխարհից, որոնք վրդովված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։






