AM
16 Հուլիս 2025 - 10:27 AMT

Փաշինյան․ Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես 2018-ին ՀՀ–ն՝ Սերժ Սարգսյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով Եկեղեցու դեմ արշավի մասին հարցին, ասել է, որ իրենց ձեռնարկած քայլերը ոչ թե եկեղեցու դեմ են, այլ հանուն եկեղեցու։

«Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ, Հայ Առաքելական եկեղեցին ինձ ու իմ ընտանիք համար սրբություն է, չենք կարող արշավել եկեղեցու դեմ։ …Այն, ինչ մենք անում ենք, հանուն Եկեղեցու է… և եթե Եկեղեցին մեզ համար սրբություն չլիներ, մենք ուղղակի կարող էինք բացարձակապես անտարբեր գտնվել այն կործանարար ընթացքի նկատմամբ, որը տեղի է ունենում Եկեղեցում»,–ասել է նա։

Նա արձագանքել է նաև նզովքի վերաբերյալ հարցին։

«Ուզո՞ւմ եք ասել, որ կուսակրոնության ուխտը խախտած մարդիկ կարող են ինձ նզովել։ Ես կարող եմ իրենց նզովել, բայց չեմ նզովում։ Ես ասել եմ՝ առաջնորդելու եմ Վեհարանն իրենցից ազատելու գործընթացը, նզովքի կարիք չկա»,- ասել է Փաշինյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։

Նա հավելել է, որ եթե Հայ առաքելական եկեղեցին իր համար սրբություն չլիներ, կարող էի ուղղակի որևէ ուշադրություն չդարձնել։

«Եթե որևէ մեկը Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ է, չի կարող անտարբեր հետևել Եկեղեցու անկմանը»,- ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։