Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում չի պատասխանել այն հարցին, թե Սահմանադրության ո՞ր հոդվածով է առաջանորդվում Գարեգին 2–րդի և Հայ առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ իր գործողություններում, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա նշել է միայն, որ այս հարցում առաջնորդվում է որպես Հայ եկեղեցու հետևորդ, որի համար եկեղեցին սրբություն է։
«Ես առաջին հերթին գործում եմ Հայ առաքելական եկեղեցու նորոգման և փրկության օրակարգի շրջանակում, գործում եմ առաջին հերթին որպես հավատավոր հետևորդ։ Դա նաև համընկել է այն փաստի հետ, որ ես նաև ՀՀ վարչապետ եմ։ Հայ եկեղեցին ինձ համար սրբություն է»,– հայտարարել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ Սուրբ Էջմիածինը պետք է շարունակի լինել հայոց հոգևոր ու բարոյական արժեքների առանցքը և հավելել է, որ ըստ իր համոզման՝ այդպես էլ կա։
Նա անթույլատրելի է համարում, որ կարելի է խնդիրների մասին տեղյակ լինել, բայց դրանց լուծմանը չձգտել. դա կարող է դիտվել որպես այդ բարոյական և հոգևոր արժեքներից հրաժարում:
Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ ղեկավարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «ազատագրման» գործընթացը՝ շեշտելով. «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա հայտարարել էր, որ Վաղարշապատի խոշորացված համայնքի որևէ տարածք իրավապահ մարմինների մուտքի համար փակ լինել չի կարող։






