AM
16 Հուլիս 2025 - 11:24 AMT

Վարչապետ․ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ ձևաչափը վաղուց չի գործում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ ձևաչափը վաղուց արդեն չի գործում՝ պատճառաբանելով մի շարք գործոններով։

Որպես պատճառներից մեկը նա նշել է վստահության բացակայությունը։

«Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ ֆորմատը վաղուց չի գործում և չի գործում մեզ հայտնի հանգամանքների բերումով, այդ թվում՝ առկա տեքստի մեկնաբանության շուրջ առկա որոշակի տարընթերցումների, նաև պրակտիկ որոշակի խնդիրների, և ուղիղ ասենք՝ որոշակի անվստահության պատճառով։ Սա է իրողությունը»,– ասել է նա:

Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը, որը համանախագահել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը, տեղի է ունեցել 2023–ի հունիսի 2-ին Մոսկվայում։