AM
16 Հուլիս 2025 - 11:37 AMT

Փաշինյան․ ՀՀ–ն շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ՝ ինքնիշխանության պահպանումով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում վերահաստատել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ու տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակմամբ՝ ընդգծելով, որ այդ համատեքստում Ադրբեջանի հետ բոլոր քննարկումները եղել են և շարունակելու են լինել ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։

Նա հավելել է, որ դա համապատասխանում է կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է միավորել տարածաշրջանային կապերը՝ հստակ իրավական շրջանակների հիման վրա, հայտնում է Արմենպրեսը։

«Մեր դիրքորոշումն, ընդհանրապես, այն է, որ Հայաստանը շահագրգռված է և ուզում է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացվեն՝ ներառյալ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն Հայաստանից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ, Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում։ Այսինքն՝ մենք այստեղ ցուցաբերում ենք շարունակական հետաքրքրվածություն և պատրաստակամություն։

Մեր բոլոր քննարկումների մեջ շատ հստակ է՝ մենք բոլոր այդ գործընթացները պատկերացնում ենք և կպատկերացնենք Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում։ Սա շատ կարևոր է արձանագրել, որովհետև հետագա ցանկացած քննարկում տեղի է ունեցել և տեղի է ունենալու հենց այս համատեքստում։ Մենք երբեք չենք ունեցել որևէ քննարկում, որ կտրված կլինի նշված սկզբունքների օրակարգից կամ կհակասի այդ օրակարգին»,-ընդգծել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը:

Նա այդպես է արձագանքել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածը ԱՄՆ կողմից վարձակալելու հնարավորության մասին, որտեղով ըստ դեսպանի կիրականացվի «Զանգեզուրի միջանցքը»։