AM
16 Հուլիս 2025 - 11:41 AMT

ԼՂ հակամարտության բանակցային փաթեթների հրապարակման գործընթացը ենթարկվում է համապարփակ գնահատման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող բանակցային փաստաթղթերի հրապարակման հարցը ներկայումս ենթարկվում է համակողմանի գնահատման՝ Հայաստանի պետական շահերին հնարավոր վնասի տեսանկյունից։

«Ես ոչ մի սահմանափակում չեմ տեսնում։ Ամիսներ առաջ հանձնարարել եմ, որ փաստաթղթերը գույքագրվեն, կարգի բերվեն։ Այժմ կատարվում է համապարփակ վերլուծություն՝ պարզելու՝ արդյոք պետական անվտանգության հետ առնչվող թեմաներ կա՞ն, թե՞ ոչ։ Պետք է հասկանալ՝ տվյալ տեղեկատվության հրապարակումը որքանով կարող է վնասել Հայաստանի պետական շահերին»,– ասել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը։

Վարչապետը նշել է, որ բանակցային գործընթացի վերաբերյալ հանրությունը արդեն իսկ լայնորեն տեղեկացված է, քանի որ ինքն այս թեմային բազմիցս անդրադարձել է։

«Ես Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում, հարցազրույցներում, բանավեճերի ժամանակ բազմիցս անդրադարձել եմ այս թեմային։ Ճիշտ կլիներ, եթե նախկին ղեկավարները գային բանավեճի և հանրությանը ներկայացնեին իրենց դիրքորոշումները։ Բայց նույնիսկ խորհրդարանում նրանց ներկայացուցիչների բարձրացրած հարցերի համատեքստում եղել են լուրջ քննարկումներ, և բավականին բան արդեն բացահայտվել է»,– ընդգծել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ բանակցային փաթեթները հրապարակելու շուրջ քննարկումները և ուսումնասիրությունները շարունակվում են, և առաջիկայում կձևավորվի հստակ եզրակացություն։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։