AM
16 Հուլիս 2025 - 12:00 AMT

Վարչապետ․ ՇՀԿ-ին անդամակցելը տեղավորվում է ՀՀ բալանսավորման արտաքին քաղաքականության շրջանակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Շանհայի համաշխարհային կազմակերպությանն՝ ՇՀԿ–ին, անդամակցելը տեղավորվում է ՀՀ բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության շրջանակում։

Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք ՇՀԿ–ին անդամակցելը չի հակասում ՀԱՊԿ–ի հետ կապված ՀՀ դիրքորոշմանը, քանի որ Շանհայի կազմակերպության անդամ են նաև ՀԱՊԿ–ի որոշ երկրներ, հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է ՇՀԿ դիտորդ երկրի կարգավիճակը փոխարինել անդամ երկրի կարգավիճակով։

«Մենք նախորդող ժամանակաշրջանում Շանհայի կազմակերպությունում ունենք դիտորդի կարգավիճակ։ Այսինքն, այնպես չէ, որ մենք զրոյական վիճակից, այնտեղ բարև–բարլուս էլ չունեինք, որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում։ Քննարկումներ են հիմա գնում, որ կազմակերպությունում կառուցվածքային փոփոխություններ պետք է տեղի ունենան, որ, օրինակ, դիտորդի կարգավիճակը հանվի։ Իհարկե, սա ամենակարևոր պատճառը չէ, սակայն մենք վստահորեն ուզում ենք անդամակցել այս կազմակերպությանը»,– հայտարարել է Փաշինյանը։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին: Սկզբում կազմակերպության անդամ էր վեց երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանն ու Պակիստանը, իսկ 2023 թվականին՝ Իրանը։ ՀՀ–ն դիտորդի կարգավիճակ ունի։