AM
16 Հուլիս 2025 - 12:08 AMT

ՆԳՆ․ Ամռանը փակ մեքենայում մնացած որոշ իրեր կարող են դառնալ հրդեհի կամ պայթյունի պատճառ

Ամռան ամիսներին մեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել +60°C և ավելի։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել․

էլեկտրոնային սարքեր (հեռախոս, համակարգիչ, Power Bank, պլանշետ) – շոգը վնասում է մարտկոցը, ինչը կարող է դառնալ պայթյունի կամ հրդեհի պատճառ,

կրակայրիչ – բարձր ջերմաստիճանից այն կարող է պայթել,

ավտոխնամքի միջոցներ (յուղեր, քիմիական նյութեր) – դրանք շոգից կարող են այրվող գոլորշիներ արձակել,

օծանելիք, սփրեյ, դեզոդորանտ – բարձր ջերմաստիճանից դրանք կարող են պայթել,

պլաստիկ շշեր – արևի ուղիղ ճառագայթների տակ դրանք կարող են առաջացնել խոշորացույցի էֆեկտ և և դառնալ հրդեհի բռնկման պատճառ,

ապակյա շշերով ալկոհոլային և գազավորված ըմպելիքներ – դրանք շոգից ու պարունակության ճնշումից կարող են պայթել։

Ջերմության նկատմամբ զգայուն իրերը պետք չէ թողնել մեքենայում, նույնիսկ մի քանի րոպե։ Կարևոր է իմանալ նաև, որ արևի տակ մեքենայի սրահի ջերմաստիճանը, փակ ապակիների պայմաններում, ընդամենը 20-30 րոպեում կարող է բարձրանալ մինչև 50-70°C։