AM
16 Հուլիս 2025 - 12:22 AMT

Փաշինյանը` հղի կնոջ վրաերթի մասին․ Դա իմ ավտոշարասյունը չէ, դա վարչապետի «ավտոբուսն է», ինչ կապ ունեմ դրա հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը կապ չունի հղի կնոջ մահվան պատճառ դարձած վրաերթի հետ, քանի որ դա իր ավտոշարասյունը չէ, այլ «հանրային տրանսպորտն է, որ իրեն է հատկացված»։

Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչու հղի կնոջ մահվան ելքով վրաերթից հետո ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, հայտնում է Panorama.am-ը։

«Դա իմ ավտոշարասյունը չէ, դա Հայաստանի վարչապետի «ավտոբուսն է», Հայաստանի վարչապետի անվտանգությունն ապահովող ինստիտուտն է։ Դա էլ իմ հանրային տրանսպորտն է, որ ինձ հատկացված է։ Կան պրոտոկոլներ այդ շարժումն ապահովելու համար, ինչ կապ ունի դա ինձ հետ, ընդհանրապես։

Ես հլը մեքենաներից մեկի ղեկին եղած լինեի..․ հասկանամ՝ ինչ կապ ունեմ դրա հետ։ Ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ ու երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։ Ասենք, դուք մետրոյի վերջին վագոնում նստած եք, առաջին վագոնը գնում, մարդ է վրաերթի ենթարկում, ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ»,–ասել է վարչապետը։

2022–ի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը, վարելով «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն։ Վերջինս ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Վթարի պահին ավտոշարասյունը ուղեկցելիս է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մահացած կինը հղի էր՝ Սոնա Մնացականյանը։