AM
16 Հուլիս 2025 - 12:33 AMT

Վարչապետ. Իմ պատասխանը եղել է՝ այո, ՀՀ-ն ուզում է դառնալ ԵՄ անդամ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում ասել է, որ երկիրը իսկապես ունի ցանկություն միանալու Եվրոպական միությանը՝ ընդգծելով այդ ճանապարհի դժվարությունները։

«Մեզ հարց է հնչել և հնչում՝ արդյոք ընդունված օրենքը նշանակում է, որ Հայաստանը ուզում է դառնալ Եվրոպական միության անդամ։ Իմ պատասխանը եղել է այո՝ Հայաստանն ուզում է դառնալ Եվրոպական միության անդամ»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Panorama.am-ը։

Վարչապետը ընդգծել է, որ ինչպես հայաստանյան իշխանությունները, այնպես էլ եվրոպացի գործընկերները, արձանագրել են հետևյալը՝ որևէ պետության համար ԵՄ անդամ դառնալը հեշտ գործընթաց չէ, և երկիրը պետք է համապատասխանի Եվրոպական միության չափանիշներին։

Նա նշել է, որ իրենք ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ եվրոպական երկրների դեսպանատներում քաղաքացիները բախվում են մեծ հերթերի հետ՝ ընդգծելով, որ նման դժվարություններն աճել են ԵՄ ուղղությամբ քաղաքացիների շարժի աճի հետևանքով։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։