AM
16 Հուլիս 2025 - 12:47 AMT

Փաշինյան. Առավել հավանական է, որ ՀՀ–ն դուրս գա ՀԱՊԿ–ից, քան ապասառեցնի իր անդամակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել է, որ առավել հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից), քան կապասառեցնի իր անդամակցությունը:

Նա բացատրել է, թե ինչից է սկիզբ առել պաշտոնական Երևանի և ՀԱՊԿ–ի միջև տարաձայնությունը։

«Երբ մենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերների հետ կիսվեցինք մտահոգություններով, որ կարող է Հայաստանի դեմ հարձակում լինել, ՀԱՊԿ-ից հավաստիացրեցին, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է իրենց համար։ Երբ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, պաշտոնապես ու ոչ պաշտոնապես, դիմեցինք, այնտեղից անսպասելի արձագանք ստացանք, որի էությունն այն էր, որ սահմանը պարզ չէ, պարզ չէ՝ Հայաստանի տարածք է, թե՞ ոչ։ Այդ ժամանակ հարց առաջացավ՝ կարմիր գիծը, որի վերաբերյալ մեզ տրվել էին հավաստիացումներ, որտեղո՞վ է անցնում։

Ասեցինք՝ կարո՞ղ եք ցույց տալ՝ կարմիր գիծը որտեղով են անցնում, որ կարողանանք կազմակերպության հետ հարաբերվել, բայց մինչև հիմա մեզ այդ կարմիր գծերը ցույց չեն տրվել»,–ասել է Փաշինյանը։

Փաշինյանը 2024-ի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցում ՀԱԿՊ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և չի վճարում անդամավճարը։