AM
16 Հուլիս 2025 - 12:56 AMT

Վարչապետ․ Ես ստացել եմ ԵԱՀԿ ՄԽ–ի՝ Սերժ Սարգսյանին արված առաջարկների մնացորդները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հերքել է պնդումները, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իր պաշտոնավարման ընթացքում ստացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող առաջարկներ։

Փաշինյանը ևս մեկ անգամ պարզաբանել է, որ իրեն փոխանցված փաստաթուղթը հասցեագրված չէր իրեն, հայտնում է Արմենպրեսը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբից ոչ մի առաջարկ չեմ ստացել։ Ես դրա մասին հրապարակային խոսել եմ։ Ես ստացել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Սերժ Սարգսյանին արված առաջարկների մնացորդները։ Ազգային ժողովում ասել եմ, որ այն թուղթը, որը դուք համարում եք իմ ստացած առաջարկ, սկսվում է հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները…»։ Այդ փաստաթուղթը հասցեագրված էր ՀՀ նախագահին, իսկ ես երբեք ՀՀ նախագահ չեմ եղել»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ փաստաթուղթը, որը հետագայում հայտնվել է Կառավարության սեղանին, եղել է Սերժ Սարգսյանի՝ որպես նախագահի, պաշտոնավարման ժամանակ ձևավորված բանակցությունների արդյունքը։

«Այն թուղթը, որը հետո հայտնվել է մեր սեղանին, դա Սերժ Սարգսյանի նախագահ եղած ժամանակ բանակցությունների արդյունքն է»,- հավելել է Փաշինյանը։